.jpg)
Սյունիքի թիվ 38 ընտրատարածքի 3 թեկնածուներից 2-ն են բացել հիմնադրամներ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում քննարկել է թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ առաջին հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը: Այս մասին հաղորդում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:
Հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը նշել է, որ ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին մասնակցող երեք թեկնածուներից երկուսն են բացել նախընտրական հիմնադրամներ և պատշաճ կարգով ներկայացրել հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը:
Բանկերի կողմից տրամադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքների և թեկնածուների կողմից ներկայացված հայտարարագրերի, ինչպես նաև կից փաստաթղթերի համադրման արդյունքում ընտրական օրենսգրքով սահմանված քարոզչական ֆինանսավորման որևէ խախտում չի արձանագրվել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում տեղի են ունենալու ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ: Այստեղից, որպես պատգամավոր էր ընտվել ՀՀԿ-ական Վահե Հակոբյանը, ով, սակայն, սյունիքյան հայտնի դեպքերից, Սուրիկ Խաչատրյանի հրաժարականից հետո, նշանակվել էր Սյունիքի մարզպետ: