Ֆյուլե. Ինձ ասել են` Հայաստանի վրա ճնշում չի եղել` ո՞վ եմ ես, որ կասկածեմ
13/09/2013 16:09

Ֆյուլե. Ինձ ասել են` Հայաստանի վրա ճնշում չի եղել` ո՞վ եմ ես, որ կասկածեմ

Եվրասիական միության պրոեկտի զարգացման ժամանակ պետք է հարգել մեր գործընկերների ինքնիշխան որոշումները: Սպառնալիքները Ռուսաստանից, որոնք կապված են Ասոցացման համաձայնագրի հնարավոր ստորագրման հետ, անընդունելի են: Այս մասին այսօր Արևելյան գործընկերության անդամ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը հաջորդած ասուլիսում ասաց  Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

«Եվրամիությունը կօժանդակի և կկանգնի նրանց կողքին, ովքեր կենթարկվեն անհարկի ճնշման»,- ընդգծեց Շտեֆան Ֆյուլեն:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Ֆյուլեին բազմիցս հայտարարել է, թե Հայաստանի նկատմամբ եղել են ճնշումներ, որով էլ պայմանավորված է եղել Մաքսային միությանն անդամակցելու որոշումը, և այդ համատեքստում Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագիրը չնախաստորագրելու դեպքում արդյոք չի նշանակում, որ հաղթում է ճնշող կողմը, Ֆյուլեն պատասխանեց.

«Հայաստանի իշխանություններն ինձ վստահեցրել են, որ որևէ ճնշում չի եղել և ո՞վ եմ ես, որ դա կասկածի տակ դնեմ: Ճնշումների մասին ես խոսել եմ նաև Եվրախորհրդարանում, քանի որ մեր գործընկերներից ոմանք ասել էին, որ ճնշումը վերջերս ավելանում է: Ու առհասարակ, ինչո՞ւ է թվում, թե մենք չենք ցանկանում Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալ: Ուզում ենք ու բազմիցս արել ենք առաջարկներ: Մենք ցանակնում ենք համագործակցության գոտի ստեղծել Լիսաբոնից մինչև Վլադիվաստոկ»,- ասաց Շտեֆան Ֆյուլեն:

Ֆյուլե. Ինձ ասել են` Հայաստանի վրա ճնշում չի եղել` ո՞վ եմ ես, որ կասկածեմ