.jpg)
Է. Նալբանդյանն ընդունել է Մոլդովայի փոխվարչապետին
Երևանում տեղի է ունեցել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարար Նատալիա Գերմանի հանդիպումը:
ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հունիսի 11-12 ՀՀ Նախագահի` Մոլդովայի Հանրապետություն կատարած այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը և այդ ուղղությամբ Երևանի և Քիշնևի կողմից ձեռնարկվելիք համատեղ քայլերը:
Նախարարներն անդրադարձել են երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության զարգացման, արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման, առևտրատնտեսական կապերի ակտիվացման, մշակութային փոխանակումների խթանման, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային ձևաչափերում իրականացվող համագործակցությանն առնչվող հարցերին:
Երկուստեք բարձր է գնահատվել վերջին շրջանի հայ-մոլդովական հարաբերություններում առկա դրական զարգացումները, որոնք հնարավորություն են տալիս նոր լիցք հաղորդելու երկկողմ համագործակցությանը։