.jpg)
«Հայաստանը երբեք չի իրականացրել միակողմանի արտաքին քաղաքականություն»
Հայաստանը երբեք չի իրականացրել միակողմանի արտաքին քաղաքականություն` մանավանդ, աշխարհում ի հայտ եկող նոր սպառնալիքների, փակ սահմանների պայմաններում: Անդրադառնալով ՀՀ մաքսային միությանը անդամագրվելու որոշմանը և այս համատեքստում ԵՄ-ի հետ հատագա հարաբերությունների հեռանկարին` «Երկխոսություն ԵՄ-ի հետ, հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը:
«Սեպտեմբերի երեքին ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել: Հայաստանի քաղաքականությունը չէր կարող ստատիկ լինել և ՀՀ իշխանությունները մշտապես առաջնորդվել են նախևառաջ ազգային պետական շահով»,- նշեց Ա. Զաքարյանը` հավելելով, որ Մաքսային միությանը անդամակցելու վերաբերյալ բանակցությունները սկսվել են շատ ավելի վաղ:
Բանախոսի խոսքով` ՀՀ իշխանությունները արտաքին քաղաքականության մեջ երբեք չեն առաջնորդվել իլյուզիայով:
«Յուրաքանյուր երկիր` իր շահերից ելնելով, աշխարհագրական դիրքից ամենատարբեր շարժառիթներով այլ իրավիճակում է և պատահական չէ, որ մեկը ստորագրում է, մեկը նախաստորագրում: Մեր նպատակը տնտեսական շուկաներում մասնակցություն ունենալն է: Մեր ապրանքները պատրաստ չեն տեղ գտնել եվրոպայի սեղանին: ԵՄ-ում մեզ չեն սպասում: Այս առումով` մենք նման իլյուզիաներ չենք էլ ունեցել, միշտ էլ ասել ենք, որ տնտեսական եվրասիական տարածքը մեզ համար գրավիչ է»,- ասաց Ա. Զաքարյանը:
Անդրադառնալով վերջին շրջանում հնչող այն դիտարկումներին, թե Մաքսային միությանը անդամագրելով, Հայաստանը իր տնտեսական քաղաքականության մեջ մի շարք խոչընդոտների կհանդիպի, Ա. Զաքարյանը նշեց. «Մենք մեր բալանսավորված քաղաքականության պարագայում չենք ափսոսում, որ բանակցել ենք նաև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ: Ես անձմամբ ընթերցել եմ այդ ծավալուն փաստաթուղթը, և պետք է նշեմ, որ այնտեղ նույնպես կան տնտեսական կան տնտեսական սահմանափակումներ: Իսկ ո՞վ ասաց, որ դրանք չկան Մաքսային միությունում: Եթե մուտք ես գործում մի միության մեջ, որտեղ առկա են տնտեսական փոխադարձ փոխառություններ, ապա դա նշանակում է նոր պարտավորություններ: Ամեն ինչ պետք չէ էմոցիոնալ դիտարկել, ասել, թե ինքորոշման կորսուստ է կամ ճնշում է»:
«Սա մեր քաղաքականությունն է, մեր որոշումն է, ոչ մեկ մեզ չի պարտադրել: Մեր եվրոպացի գործընկերների հետ պետք է շարունակենք երկխոսությունը, շփման եզրեր գտնել տարբեր ոլորտներում, քաղաքական համագործակցությունը, եվրոպական արժեքային համակարգ ունեցող սուբյեկտի հետ մեր աշխատանքը կշարունակվի»,- եզրափակեց Ա. Զաքարյանը: