.jpg)
Փորձագետ. Ողբերգություն ենք ունեցել, երբ ուրիշի փեշի տակ ենք եղել
Եթե սիրիական պատմությունը շարունակվի, Ռուսաստանի հետ պետք է հնարավորինս մոտ լինել, քանի որ միակ դիմակայող ուժը կարող է լինել հենց Ռուսաստանը: Լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Ռուսաստանի հետ, բանախոսի խոսքով, պետք է լինել, բայց երբեք չմտածել, թե պետք չէ լինել Եվրոպայի հետ` քաղաքական գործընթացները պետք է զուգահեռ տանել. «Քաղաքականության մեջ «հնարավոր չէ», «չի կարող լինել» կատեգորիաները չկան: Կա բանակցային գործընթաց, որից կախված է խնդիրների ելքը»:
Շարունակելով խոսքը` դիվանագետը նշեց, թե Ռուսաստանը ճնշումներ է գործադրել Հայաստանի վրա, քանի որ ձգտում է ինտեգրացիոն համակարգ ունենալ, իսկ Հայաստանն այս դեպքում, քաղաքագետի գնահատմամբ, շատ կարևոր է Ռուսաստանի համար:
Ասուլիսին մասնակից կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն էլ իր հերթին ասաց, թե Հայաստանը պետք է ինքնուրույն լինի և «չմտնի ինչ-որ մեկի փեշի տակ»:
«Եթե ընտրում ես որևէ գերտերության ուղղություն, դառնում ես կառավարվող օբյեկտ, եթե չես մտնում որևէ փեշի տակ, հավակնում ես լինել սուբյեկտ` ունենալով ավելի բարձր աստիճանով ազատության»,- ասաց նա և ավելացրեց, որ պատմականորեն ողբերգություն ենք ունեցել, երբ ուրիշի փեշի տակ ենք եղել: