Կանադացի խորհրդարանականն Արցախում է
23/09/2013 12:02

Կանադացի խորհրդարանականն Արցախում է

Սեպտեմբերի 22-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է մեկօրյա ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնին և նրան ուղեկցող անձանց։ Այս մասին հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

««Հաճելի է հանդիպել Կանադայի խորհրդարանի ազդեցիկ դեմքերից ու երկրի քաղաքական դաշտի ակտիվ դերակատարներից մեկի հետ, ով առանցքային դեր է կատարել դաշնային օրենսդիր մարմնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում»,- ողջունելով հյուրերին, ասաց խորհրդարանի նախագահը։ Մեզ համար, նշեց նա, կարևոր է, որ տարբեր երկրների խորհրդարանների մեր գործընկերները տեղեկացված լինեն Արցախի մասին՝ իրերի վիճակին ականատես լինելով անմիջապես տեղում։ Միևնույն ժամանակ, նշեց ԱԺ նախագահը, այս կարգի շփումները, կարծում եմ, հեռանկարային նախադրյալ կհանդիսանան մեր երկու խորհրդարանների միջև կապերի հաստատման համար։

Իր հերթին, նշելով, որ իր համար մեծ պատիվ է լինել Լեռնային Ղարաբաղում և հանդիպում ունենալ խորհրդարանի նախագահի հետ, կանադացի պատգամավորը հայտնեց, որ այցի նպատակը զուտ ճանաչողական է։ Ուզում եմ, ասաց նա, ավելի շատ բան իմանալ ձեր երկրի ու ժողովրդի մասին, որպեսզի այստեղ ստացածս տեղեկությունները հաղորդեմ գործընկերներիս, ու նրանք նույնպես լիարժեք տեղեկացված լինեն Լեռնային Ղարաբաղի մասին։

Կանադացի հյուրին հետաքրքրում էր Արցախի մասին ամեն ինչ՝ սկսած ղարաբաղյան հիմնախնդրից, կարգավորման գործընթացից, երկրում ընտրական համակարգի դրվածքից, խորհրդարանի գործունեությունից, կառուցվածքից, քաղաքական կազմից մինչև հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքի ամենատարբեր բնագավառներն ու ոլորտները, որոնց վերաբերյալ ԱԺ նախագահը տվեց համապատասխան պարզաբանումներ։

Հանդիպմանը ներկա էին Կանադայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Ժիրայր Պասմաճյանը տիկնոջ՝ Հասմիկ Պասմաճյանի հետ»,- նշված է հաղորդագրությունում։
 

Կանադացի խորհրդարանականն Արցախում է