Թուրքիան ՄԱԿ-ի վերափոխման առաջարկ է ներկայացնում
25/09/2013 18:44

Թուրքիան ՄԱԿ-ի վերափոխման առաջարկ է ներկայացնում

Սիրիայի հարցում Թուրքիայի ակնկալիքները չեն իրականանում, և այդ երկիրը ռազմական միջամտության համար քայլեր ձեռնարկելու ուղղությունից բացի, հանդես է գալիս նախաձեռնություններով միջազգային անվտանգության համակարգում նաև իր համար մեծ դեր ապահովելու ակնկալիքով:

Այդ հարցում ՄԱԿ-ին քննադատելով հանդերձ` Թուրքիան այդ կառույցի վերափոխման առաջարկ է ներկայացնում: Խոսքը վերաբերում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Ըստ Անկարայի առաջարկի` ԱԽ-ի 5 մշտական անդամների թիվը պետք է հասցվի 11-ի, իսկ ընդհանուր անդամ երկրների թիվը 25-ի: Եվ այդ դեպքում պետք է գործի ոչ թե ներկայի վետոյի իրավունքը, այլ պարզ մեծամասնության քվեարկությունը: 2009-2010 թթ. Թուրքիան դառնալով ՄԱԿ ԱԽ-ի ոչ մշտական անդամ, կրկին հայտ է ներկայացրել 2015-2016 թթ. համար: Սակայն Անկարայի հավակնությունները ոչ մշտական անդամությունից արդեն դուրս են:

Ինչ խոսք, Թուրքիան արդեն իրեն ցանկանում է տեսնել ԱԽ-ի մշտական անդամի կարգավիճակում և բարեփոխումներ առաջարկելով` փորձում է նաև իր համար անհրաժեշտ տեղ ապահովել: Թուրքիան քայլեր է ձեռնարկում ՄԱԿ-ի տարածաշրջանային կենտրոն դառնալու ուղղությամբ և արդեն իսկ հաջողել է որոշ քայլեր իրականացնել այդ ուղղությամբ` ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների որոշ տարածաշրջանային գրասենյակներ տեղափոխելով իր տարածք:

Թուրքիան իրեն ցանկանում է տեսնել գլոբալ խաղացողի կարգավիճակում, ինչ մասին բարձրաձայնում են այդ երկրի իշխանությունները: 

Թուրքիան ՄԱԿ-ի վերափոխման առաջարկ է ներկայացնում