Ս. Սարգսյանը մասնակցեց Քաջարանի 55-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին
26/09/2013 14:40

Ս. Սարգսյանը մասնակցեց Քաջարանի 55-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին

Աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը եղել է Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում: Նա նախ այցելել է զոհված ազատամարտիկների հուշահամալիր, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար զոհված հայորդիների հիշատակին:

Այնուհետև, ինչպես հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից, Հանրապետության Նախագահը Քաջարանի կենտրոնական հրապարակում մասնակցել է քաղաքի 55-ամյակին նվիրված միջոցառումներին, որի շրջանակներում պետական պարգևներ և շնորհակալագրեր է հանձնել տարբեր ոլորտներում իրենց հայրենանվեր գործունեությամբ աչքի ընկած մի խումբ անձանց.

«Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկայի բաժնի վարիչ Հրաչյա Թադևոսյանը ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով, «Ռիվս» գիտաարտադրական միավորման գործադիր տնօրեն Միխաիլ Առուստամյանը (ՌԴ)՝ Անանիա Շիրակացու մեդալով: Երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով են պարգևատրվել «Քաջարան համայնքի կոմունալ տնտեսություն» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ Սարո Հայրապետյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հանքաքարի ջարդման տեղափոխման արտադրամասի էլեկտրագազաեռակցող Զախար Միրզոյանը: Քաջարանում Հանրապետության Նախագահին հանձնել են համայնքի ավագանու որոշմամբ սահմանված «Արցախյան ազատամարտ» առաջին հուշամեդալը:

Նախագահը շնորհավորել է քաղաքի տոնի, ինչպես նաև պարգևատրման կապակցությամբ, շնորհակալություն հայտնել քաջարանցիներին՝ քաղաքի զարգացման գործում իրենց ամենօրյա ջանքերի ու նվիրումի համար, մաղթել հաջողություններ և վստահեցրել, որ տարեցտարի ինչպես Քաջարանը, այնպես էլ մեր հանրապետության այլ բնակավայրերն ավելի բարեկեցիկ և զարգացած են լինելու: Հանրապետության Նախագահը կոչ է արել տոնակատարության մասնակիցներին ինչպես իրենց քաղաքի, այնպես էլ մեր հանրապետության ապագային նայել լավատեսությամբ ու հավատով:

Տոնակատարության ավարտին Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի երկարամյա նախկին տնօրեն, լեռնահանքային արդյունաբերության հմուտ կազմակերպիչ Ֆրունզե Պետրոսյանի հուշարձանի բացմանը:

Նախագահի աշխատանքային այցը Սյունիքի մարզում շարունակվում է: Այսօր Սերժ Սարգսյանը կմասնակցի նաև Քաջարանի բժշկական կենտրոնի բացման արարողությանը, Կապանում կայցելի Գարեգին Նժդեհի անվան հրապարակ, որտեղ կծանոթանա հրապարակի արդիականացման ծրագրի իրագործման, իսկ Կապանի թիվ 2 ավագ դպրոցում՝ ուսումնական այդ հաստատության շինարարական աշխատանքների ընթացքին: Մարզի Սյունիք համայնքում Հանրապետության ղեկավարը կայցելի մանր եղջերավոր անասունների մորթման և վերամշակման նորակառույց արտադրամաս ևս: 

Ս. Սարգսյանը մասնակցեց Քաջարանի 55-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին