Ա. Հովհաննիսյան. Հայ ռազմագերու գտնվելու վայրի հետ կապված լուրեր չկան
30/09/2013 12:22

Ա. Հովհաննիսյան. Հայ ռազմագերու գտնվելու վայրի հետ կապված լուրեր չկան

«Այս պահի դրությամբ հայ ռազմագերու հետ կապված կոնկրետ տեղեկատվություն չունենք: Վերջին շրջանում ադրբեջանական կողմից հայտարարություններ հնչեցին, որ նա ցանկություն է հայտնել տեղափոխվել երրորդ երկիր, սակայն նրա ցանկությունների և գտնվելու վայրի հետ կապված որևէ նորություն այս պահի դրությամբ չկա»,- այս մասին Aysor.am-ին ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Անդրադառնալով հայ ռազմագերու՝ երրորդ երկիր տեղափոխվելու հետ կապված տարբեր մեկնաբանություններին, Հովհաննիսյանը նշեց, որ ՊՆ-ի համար դա ընկալելի է:

«Մեզ համար լրիվ հասկանալի է մեր զինծառայողների` երրորդ երկիր տեղափոխվելու ցանկությունը: Ավելի լավ է հայ ռազմագերիները տեղափոխվեն երրորդ երկիր, քան մնան Ադրբեջանի պես երկրում, համենայնդեպս, երրորդ երկիր տեղափոխվելը միանգամայն անվտանգ է»,- նշեց մամուլի խոսնակը:

Ըստ Հովհաննիսյանի` առավել նախընտրելի կլիներ, որ Հակոբը վերադառնար հայրենիք. «Բայց դե ունենք մի իրավիճակ, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի հայ զինծառայողներն ընտրեն երրորդ երկիր տեղափոխվելու հնարավորությունը»: 

Ա. Հովհաննիսյան. Հայ ռազմագերու գտնվելու վայրի հետ կապված լուրեր չկան