.jpg)
Վթարված գնացքի մեքենավարին Երևան են տեղափոխել. Նրա վիճակը ծայրահեղ ծանր է
Այսօր Արմավիրում վթարված գնացքի մեքենավար 24-ամյա Արթուր Թամազյանի վիճակը ծայահեղ ծանր է: Նրան Արմավիրի բժշկական կենտրոնից տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այս մասին Aysor.am-ը տեղեկացավ Արմավիրի բժշկական կենտրոնից.
«Արթուրը մեզ մոտ է ընդունվել պոլիտրավմատիկ վիճակում: Նրա մոտ արձանագրվել է ձախ կրծքավանդակի սալջարդ, թոքի վնասում, կողոսկրերի կոտրվածքներ, հեմատոմա, ինչպես նաև գլխուղեղի փակ վնասվածք»,- Aysor.am-ին ասացին Արմավիրի բժշկական կենտորնի ընդունարանից:
Այս պահին Արթուր Թամազյանն «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմուքում է: Մեքենավարի վիճակը շարունակում է ծանր մնալ:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Արմավիրում երկաթգծի սպասարկման աշխատանքներ կատարելիս Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները նկատել են, որ հատուկ նշանակության ինքնագնացի արգելակները խափանվել են և թեքության պատճառով գնացքն արագություն հավաքելով սկսել է ընթանալ դեպի Արտենի կայարան:
Ինքնագնացի մեքենավար 24-ամյա Արթուր Թամազյանն ընթացքից դուրս է ցատկել գնացքից ու փորձել է անիվների տակ հատուկ արգելակող հարմարանք տեղադրելով կանգնեցնել գնացքը:
Նախորդող հրապարակում` Արմավիրում խափանվել են գնացքի արգելակները. 24-ամյա մեքենավարի վիճակը ծանր է