.jpg)
Հայաստանում խոլերայի տարածումը կանխելու նպատակով ստուգումներ են անցկացվում
Հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում խոլերայի լարված համաճարակային իրավիճակով պայմանավորված ` ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՀՀ պետական սահմանի Մեղրու և «Զվարթնոց» օդանավակայանի անցման կետերում ձեռնարկվում են կանխարգելիչ, և սահմանափակող բոլոր անհրաժեշտ միջոցառումները հանրապետության տարածք խոլերա հիվանդության ներբերումը և հետագա տարածումը կանխարգելելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարության տեղեկատվության համաձայն՝ Իրանի 10 նահանգում արձանագրվել է խոլերայի 179 դեպք, որից 5-ը` մահվան ելքով։ Հիվանդությունն Իրանի Իսլամական Հանրապետություն է ներբերվել Աֆղանստանի և Պակիստանի տարբեր վայրերից։ Հիվանդացածներից 149-ն Աֆղանստանի քաղաքացիներ են:
ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցման և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սանիտարական կարանտինային կետերի կողմից ՀՀ տարածք խոլերայի ներբերման կանխարգելման միջոցառումների ուժեղացման մասին ՀՀ առողջապահության նախարարի հրամանն ուղարկվել է շահագրգիռ բոլոր կազմակերպություններին: Հրամանով հաստատված հուշաթերթը բազմացվել և տրամադրվել է սանիտարական կարանտինային կետերին:
Արդեն կատարվել է Իրանից Հայաստան ժամանող 910 ուղևորների զննում և ջերմաչափում։ Նրանցից 740-ը Հայաստան է ժամանել ՀՀ պետական սահմանի Մեղրու անցման կետով, իսկ 170-ը` Թեհրան-Երևան չվերթով` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով։
Խոլերայի կասկածով հիվանդներ չեն հայտնաբերվել:
Միաժամանակ հիվանդության կանխարգելման վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվություն է տրամադրվել Թեհրան մեկնող 435 ՀՀ քաղաքացիներին։ Նրանցից 421-ը Իրանի Իսլամական Հանրապետություն է մեկնել Մեղրու անցման կետից, 14-ը` «Զվարթնոց» օդանավակայանից։
Ռուս սահմանապահներին նույնպես տրամադրվել է խոլերայի վերաբերյալ տեղեկատվական թերթիկ, ուր ներկայացված են խոլերայի կլինիկական ախտանշանները և կանխարգելման ուղիները:
Սննդամթերքի հետ վարակի ներթափանցումը կանխելու նպատակով մաքսային ծառայության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հսկիչ կետերի անձնակազմին հրահանգվել է ուտելիքն առանց փաթեթավորման արգելել Հայաստանի Հանրապետություն ներկրել, հիվանդության կասկածով անձանց ուղեկցող բեռը, ապրանքը մեկուսացնել և, հնարավորության դեպքում, ախտահանել:
Նշենք, որ պետական սահմանի անցման կետերում խոլերայի՝ ՀՀ ներբերմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ Հայաստանում հիվանդության դեպք չի արձանագրվել: