Սերժ Սարգսյան. Ադրբեջանը չի ստորագրել Կազանում ներկայացված փաստաթուղթը
02/10/2013 16:39

Սերժ Սարգսյան. Ադրբեջանը չի ստորագրել Կազանում ներկայացված փաստաթուղթը

Ի սկզբանե, բոլորի համար հասկանալի էր, որ ԼՂ հիմնախնդիրը կարող է լուծվել միայն փոխզիջումների հիման վրա, առանց դրա` խնդիրը լուծում չունի: Այս մասին, ԵԽԽՎ-ում ունեցած ելույթից հետո հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով` տևական գործընթացից հետո` 2007 թվականին, ԵԱՀԿ Մինսկի խումբը կողմերին փաստաթուղթ է առաջարկել, որը այնուհետև կոչվել է Մադրիդյան սկզբունքներ:

«Այդ փաստաթուղթը ենթադրում է կոնֆլիկտի լուծում երեք հիմարար սկզբունքների հիման վրա: Այն է՝  ուժի և դրան սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք և պետությունների տարածքային ամբողջականություն: Մենք փաստաթուղթը ստանալուց հետո հայտարարեցինք, որ այո՛, մենք հնարավորություն տեսնում ենք այս սկզբունքների հիման վրա լուծել այդ կոնֆլիկտը:

Որոշ դադարից հետո` ադրբեջանցիները ևս հայտարարեցին, որ այո՛, իրենք պատրաստ են այս սկզբունքների հիման վրա լուծել կոնֆլիկտը: Սկսած 2008թ-ից, ես անմիջականորեն ներգրավել եմ բանակցություներին և Ադրբեջանի նախագահի հետ երեք տարուց ավելի բանակցել ենք: Բանակցել ենք Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ: 2011թ ամռանը կարծիք կար, որ կողմերը պատրաստ են ստորագրելու հիմարար սկզբունքների մասին փաստաթուղթը: Եվ մենք գնացինք Կազան` ՌԴ քաղաքներից մեկը, որպեսզի հերթական հանդիպման ժամանակ իմի բերենք բանակցածը և ստորագրենք այդ փաստաթուղթը»,- նշեց նախագահը:

Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ Կազանում Ադրբեջանի նախագահը հրաժարվել է ստորագրել այդ փաստաթուղթը՝  հանդես գալով լրացուցիչ 10 առաջարկություններով, ինչի պայմաններում այլևս անհնար էր ստորագրել այդ փաստաթուղթը:

Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահը մեկնել է Ֆրանսիա, որտեղ հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Ավելի ուշ նախագահը ելույթ է ունեցելԵԽԽՎ-ում: 

 

Սերժ Սարգսյան. Ադրբեջանը չի ստորագրել Կազանում ներկայացված փաստաթուղթը