Կարեն Սարիբեկյան. Պատերազմը միայն կխորացնի խնդիրները
03/10/2013 18:00

Կարեն Սարիբեկյան. Պատերազմը միայն կխորացնի խնդիրները

«Ադրբեջանը պետք է հասկանա, որ պատերազմը միայն ավերածությունների ու մարդկային կորուստների է հանգեցնելու, իսկ դրանում համոզվելու համար կարիք չկա մեկ անգամ ևս արկածախնդրության գնալ»,- Aysor.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով նախագահի ելույթի՝ պատերազմի վերսկսման հնարավորության վերաբերյալ ԵԽԽՎ-ում հնչեցրած դիրքորոշումը, ասաց ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Կարեն Սարիբեկյանը:

Հիշեցնենք, որ իր ելույթում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ «մենք մշտապես սթափվելու կոչերով ենք հանդես գալիս ու հաստատապես պնդում, որ այլատյացության մոլագար քարոզը, ուժի կիրառման չընդհատվող սպառնալիքներն ու սպառազինությունների մրցավազքը ոչ մի լավ տեղ չեն տանում: Միայն խաղաղությամբ ու համագործակցությամբ է հնարավոր կառուցել տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցիկ ապագան, և սա աքսիոմ է, որն ապացուցման կարիք էլ չունի»:

Ըստ Սարիբեկյանի՝ Ադրբեջանը պետք է գիտակցի, որ պատերազմական փուլը վաղուց ենք անցել և ժամանակն է խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորել եղած հարցերը:

«Երբ մենք խոսում ենք խաղաղությունից, դա չի նշանակում, որ վախենում ենք կռվելուց կամ մտածում ենք, որ կպարտվենք: Մենք մեր հայրենիքի համար ամեն քայլի կգնանք ու Աստված չանի, որ Ադրբեջանը կրկին խնդիրներ ստեղծի: Այն, որ այսօր, Ադրբեջանն ամեն օր «գոռում» է պատերազմ սկսելու մասին, դեռ չի նշանակում, որ ուժեղ է ու կարող է մեզ վախեցնել: Պետք եղած դեպքում, մենք մեր հնարավորությունները ռազմի դաշտում կցուցադրենք այնպես, ինչպես 1990-ականների սկզբին:

Այնպես որ, մեծ-մեծ խոսելու փոխարեն, Ադրբեջանը պետք է տղամարդկություն դրևսորի ու փորձի իր խնդիրները լուծել բանակցությունների սեղանի շուրջ: Այլ ճանապարհ չկա, պատերազմը միայն կխորացնի խնդիրները»,- նշեց Կ. Սարիբեկյանը: 

Կարեն Սարիբեկյան. Պատերազմը միայն կխորացնի խնդիրները