Նախագահը մասնակցեց «Կամազ-Արմենիա» կենտրոնի բացման արարողությանը
04/10/2013 19:08

Նախագահը մասնակցեց «Կամազ-Արմենիա» կենտրոնի բացման արարողությանը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց Երևանում «Կամազ» ընկերությունների խմբի «Կամազ-Արմենիա» առևտրի և սպասարկան կենտրոնի բացման արարողությանը: Երկիր ղեկավարը շրջեց Առևտրի և սպասարկան կենտրոնի տարածքով, ծանոթացավ իրականացված աշխատանքներին:

Բացման արարողությանը ներկա էին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը , ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Բացման հանդիսավոր արարողության ժամանակ «Կամազ» ՊԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Կոկոգինը նշեց, որ իրենք մեծ հաճույքով են ներկա գտնվում կենտրոնի բացման արարողությանը: Նա նաև շնորհակալության հայտնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:

«Հայաստանը զարգանում է: Մենք դա տեսնում ենք և շարունակելու ենք աջակցել ՀՀ-ի զարգացմանը»,- նշեց Ս. Կոկոգինը:

Նրա խոսքով` «Կամազ» ընկերությունը միշտ էլ աչքի է ընկել իր որակյալ արտադրանքով և իրենք ուրախ են ներկայացած լինել նաև հայաստանյան շուկայում:

Նշենք, որ այսօրվա դրությամբ «Կամազ-Արմենիա» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 2 մլն ԱՄՆ դոլար: Այս պահի դրությամբ ընկերությունում աշխատում է 15 մարդ: Մինչև 2013թ նոյեմբերը ընկերությունը նախատեսում է ավելացնել աշխատողների թիվը` հասցնելով 30-ի: «Կամազ-Արմենիա» նորաբաց առևտրի և սպասարկման կենտոնը (ԱՍԿ) նախատեսված է «Կամազ» ԲԲԸ արտադրած տարբեր մոդիֆիկացիաների մեքենաների սերվիսային և երաշխիքային սպասարկման, տեխնիկական շահագործման և մատակարարման համար:

Ապագայում ԱՍԿ-ում նախատեսվում է իրականացնել ավտոմեքենաների կապիտալ վերանորոգում` արդիականացման և վերասարգավորման հետ համատեղ: Կամազյան ավտոպարկի ԱՍԿ-ն նախատեսված է տարեկան 300 միավոր տեխնիկայի սպասարկման համար: Ձեռնարկությունը ամբողջովին հագեցած է ժամանակակից տեխնիկայով, ինչը թույլ է տալիս իրականացնել նաև տեխնոլոգիապես համատեղելի ավտոմեքենաների խմբի վերանորոգում և սպասարկում:

Լրագրողների հետ զրույցում «Կամազ-Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Գալստյանը նշեց, որ ընկերությունը հիմնադրվել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի համաձայագրերի հիման վրա: Ըստ Ս. Գալստյանի` ընկերությունը հետապնդում է երկու նպատակ.

«Առաջինը`սպասարկել ՀՀ ՊՆ ռազմական և կրկնակի նշանակության տեխնիկան, որը կառուցված է «Կամազ» մակնիշի տրանսպորտային մեքենաների հիմքի վրա: Երկրորդ` մտնել մասնավոր հատված`«Կամազ» մակնիշի նոր մոդելային շարքով»,- նշեց Սերգեյ Գալստյանը: 

Նախագահը մասնակցեց «Կամազ-Արմենիա» կենտրոնի բացման արարողությանը