.jpg)
Հայաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմը դյուրացվել է
Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն այսօր Ստրասբուրգում անցկացվող լիագումար նիստի ժամանակ կողմ քվեարկեցին Հայաստանի և Եվրամիության միջև Վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի նախագծերին։ Այս մասին հայտնում է Aysor.am-ի թղթակիցը Ստրասբուրգից:
Զեկուցողը Եվրոպական խորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի կոմիտեի անդամ Էդիտ Բաուրն էր։
Ըստ ընթացակարգի` համաձայնագրի վերջնական վավերացման համար անհրաժեշտ է Եվրամիության խորհրդի որոշումը և Եվրոպական խորհրդարանի համաձայնությունը: ՀՀ-ԵՄ վիզաների դյուրացման համաձայնագիրը կնքվել է 2012 թ.-ի դեկտեմբերի 17-ին Բրյուսելում:
Վիզաների դյուրացման համաձայնագիրը սահմանում է՝
• վիզայի համար գանձվող գումարի նվազեցում՝ սահմանված 60 եվրոյից դառնալով 35 եվրո, վճարների վերացում որոշ քաղաքացիների համար (օրինակ՝ ընտանիքի անդամներ և կենսաթոշակառուներ, գիտնականներ, լրագրողներ),
• դիմումների ուսումնասիրման առավելագույն 10 օրացույցային օրվա ժամկետ,
• օժանդակ փաստաթղթերի պարզեցված պահանջներ,
• որոշ կատեգորիաների համար բազմակի մուտքի վիզաների ավելի շատ տրամադրում (օրինակ՝գործարարներ),
• դիվանագիտական անձնագրերի դեպքում` վիզաների պահանջի վերացում:
Նշենք նաև, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` 2013 թ.-ի հունվարի 10-ից Եվրոպական միության անդամ պետությունների քաղաքացիների համար սահմանվեց է ՀՀ առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ: