.jpg)
Ա. Իսկանդարյան. «Որտե՞ղ է Ադրբեջանի 9,5 միլիոն բնակչությունը»
«Ադրբեջանում որևէ ընտրություն տեղի չի ունեցել: Ընտրությունների արդյունքները նախօրոք որոշված էին: Շատ ավելի հետաքրքիր է Ադրբեջանում ընտրողների թվի վերլուծությունը: Նրանց տվյալներով` ընտրություններում քվեարկել է 3 մլն 720 հազար մարդ: Նրանց խոսքով` դա ընտրողների 72%-ն է, հետևաբար Ադրբեջանում ընտրելու իրավունք ունեցող մարդկանց ընդհանուր թիվը 5 մլն 146 հազար մարդ է: Հարց է առաջանում` որտե՞ղ է Ադրբեջանի 9,5 մլն բնակչությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ադրբեջանում նախագահական ընտրություններին, նման հարցադրում արեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանի պաշտոնական վիճակագրական տվյալներով` չափահաս մարդկանց ընդհանուր թիվը մոտ 7 մլն է, սակայն, փաստորեն, քվեարկել են 3 մլն 720 հազար, իսկ քվեարկելու իրավունք է ունեցել մոտ 5 մլն-ը, որը նույնպես, ըստ փորձագետի, ուռճացված թիվ է: Քաղաքագետը անհասկանալի համարեց, թե որտեղ է անհետացել մոտ 2 մլն չափահաս բնակչությունը:
«Ընդհանուր թվերի այդ համադրությունից Ադրբեջանի բնակչությունը կազմում է մինչև 6 մլն մարդ, սակայն պաշտոնապես ասվում է մոտ 9,5 մլն: Սա Ադրբեջանի նախագահական ընտրությունների շատ հետաքրքիր արդյունքներից է»,- փաստեց Ա. Իսկանդարյանը:
Aysor.am-ի հարցին, թե Ադրբեջանում նախագահական ընտրությունների ավարտից և Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշումից հետո կարելի՞ է ակնկալել նոր զարգացումներ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում, Ա. Իսկանդարյանը վստահություն հայտնեց, որ չի տեսնում փոփոխությունների որևէ նախադրյալ:
«Չեմ տեսնում որևէ նախադրյալ, որ հանկարծ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է արագ կարգավորվել: Մյուս տարբերակը պատերազմն է, որը նույնպես տարբեր պատճառներով քիչ հավանական է: Իսկ Մաքսային միությանը միանալու հայտարարությունը անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության հերթական վերահաստատումն է, այդ թվում Ադրբեջանի համար: Այդ որոշումն ավելի շատ կապված է ՀԱՊԿ-ի, քան Մաքսային միության հետ: Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոն կշարունակվի պահպանվել»,- ասաց բանախոսը:
Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակի բարձրացրած հարցի վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, քաղաքագետը նշեց, որ ադրբեջանցիներն իրենց «ծուղակը գցեցին»:
«Հայաստանն ու Ղարաբաղն իրենց հայտարարություններում դրսևորում են կոշտություն և վստահություն ոչ առաջին անգամ: Դա վերջին մի քանի տարիների ֆենոմեն է: Այս իմաստով Նախագահը դուրս չի եկել բանավեճի այն տեսակից, որը ձևավորվել է: Ասվեց, որ տղեք, եթե պատրաստ չեք մեզ հետ լուրջ խոսակցություն ծավալել, այլ միայն պատրաստ եք օդը ցնցել սարսափներով՝ արդեն 20 տարի, ապա շարունակեք, հետո ի՞նչ»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը: