Երևանում կայացել է Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների համաժողով
11/10/2013 18:04

Երևանում կայացել է Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների համաժողով

Երևանում կայացել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների «Դարձնելով մայրաքաղաքը քաղաքացուն մոտ. մարտահրավեր հանրային իշխանությունների համար» խորագրով միջազգային համաժողովը: Համաժողովը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում՝ Երևանի քաղաքապետարանի և ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ սերտ համագործակցությամբ:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսին, Նախագահ Հերվիգ Վան Շտաային` աջակցության համար, Կոնգրեսի փոխնախագահ Ջոն Վերմիշամին՝ խորհրդաժողովին մասնակցելու համար և Կոնգրեսի գլխավոր քարտուղար Անդրեաս Կիֆերին` համաժողովի կազմակերպման ու անցկացման համար:

Բացման խոսքով հանդես է եկել նաև՝ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ Ջոն Վերմիշամը, ով անդրադարձել է եվրոպական խոշոր քաղաքների կառավարման մոդելներին, գրեթե բոլոր քաղաքներին բնորոշ խնդիրներին և դրանց համակողմանի լուծման տարբերակներին: Համաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահ Նիլ Ուշակովը, Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Թոքմաջյանը, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, համաժողովի մասնակից այլ քաղաքների պատվիրակներ:

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տեղի են ունեցել նաև քննարկումներ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել հանրային ծառայությունների մատուցման և քաղաքացիների կյանքի որակի բարելավման գործում ծառացած արդի մարտահրավերներին: Համաժողովին մասնակցել են Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների քաղաքապետեր և փոխքաղաքապետեր, քաղաքապետարանների ներկայացուցիչներ, համապատասխան պետական կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային և տեղական փորձագետներ:

 

Երևանում կայացել է Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների համաժողով