Սերժ Սարգսյանը մասնակցեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի վերաբացմանը
15/10/2013 13:00

Սերժ Սարգսյանը մասնակցեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի վերաբացմանը

Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց «Իզմիրլյան» բժշկական հաստատության և Սուրբ Ներսես Մեծ գիտաբժշկական կենտրոնի վերաբացման հանդիսավոր արարողությանը:

Երկրի ղեկավարը շրջեց վերաբացված կենտրոնում, ծանոթացավ իրականացված աշխատանքներին և կենտրոնի նոր սարքավորումներին:

«Իզմիրլյան» բժշկական հաստատություն և Սուրբ Ներսես Մեծ գիտաբժշկական կենտրոնը վերաբացվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ և շվեյցարահայ բարերարներ, տեր և տիկին Տիգրան և Հելենա Իզմիրլյանների ներկայությամբ:

Իզմիրլյան բժշկական կենտրոնը ստեղծվել է Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի հիմքի վրա, որը ՀԲԸՄ-ի կողմից 2000թ.-ին մասնավորեցվելով հաջորդ տարի նվիրաբերվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:

«Իզմիրլյան» հիմնադրամի և տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի միջոցներով իրականացվել է 12 միլիոն դոլարի ծրագիր, ինչի շնորհիվ հիվանդանոցը հիմնանորոգվել է և համալրվել նոր մասնաշենքով:

Ձեռք են բերվել անհրաժեշտ բժշկական ժամանակակից սարքավորումներ և գործիքներ:
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում այժմ աշխատում է շուրջ 200 աշխատակից, իսկ կենտրոնում իրականացվում են Հայաստանում և տարածաշրջանում նախադեպը չունեցող վիրահատություններ:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր վերաբացված կենտրոնը գործում է Մայր Աթոռի հովանո ներքո: Կենտրոնը ամբողջովին վերանորոգվել, վերազինվել է նոր սարքավորումներով:

«Կենտրոնում գործում են բանկային ծրագրեր, այսինքն, եթե հիվանդները ունեն դրա կարիքը՝ առանց գրավի կարող են վարկ վերցնել՝ այս կենտրոնում իրենց բուժումը իրականացնելու համար»,-նշեց գործադիր տնօրենը:

Նրա խոսքով՝ կենտրոնի բժիշկները վիրահատություններ, բժշկական ծառայություններ են մատուցում նաև սահմանամերձ գյուղերում, մարզերում: 

Սերժ Սարգսյանը մասնակցեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի վերաբացմանը