Մեկնարկեց ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստը
16/10/2013 11:42

Մեկնարկեց ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստը

Այսօր Ծաղկաձորում մեկնարկեց ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 35-րդ նիստը: Նիստի ընթացում քննարկվեցին միջազգային ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, մաքսանենգության, թմրաբիզնեսերի դեմ պայքարի հետ կապված խնդիրները:

Նիստին մասնակցում են ԱՊՀ բոլոր մասնակից երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչները` բացի Ադրբեջանից:

Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց ՀՀ ԱԱԾ պետ, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը: Նա նշեց, որ հայկական կողմը ուրախ է հյուրընկալել նիստի մասնակիցներին Հայաստանի հյուրընկալ հողում:

Գ. Հակոբյանը վստահություն հայտնեց, որ նիստի շրջանակներում կայանալիք բազմակողմ և երկկողմ հանդիպումները արդյունավետ կլինեն և համագործակցության նոր խթան կհանդիսանան ԱՊՀ անդամ երկրների քաղաքական, տնտեսական և պաշտպանական շահերը խաթարող երևույթների դեմ պայքարում:

ԱԱԾ ղեկավարը ընթերցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը` ուղղված նիստի մասնակիցներին:

Իր հերթին Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը շանորհակալություն հայտնեց Գորիկ Հակոբյանին հյուրընկալ ընդունելության համար և արդյունավետ քննարկումներ մաղթեց նիստի մասնակիցներին:

Նրա խոսքով՝ նմանատիպ հանդիպումները թույլ են տալիս գտնել օպտիմալ լուծումներ:

«Այս հանդիպումը կօգնի ամրապնդել համագործակցությունը ԱՊՀ անդամ երկրների հատուկ ծառայությունների և ուժային կառույցների միջև»,- նշեց Բորտնիկովը:

Նշենք, որ խորհուրդը ստեղծվել է ԱՊՀ մասնակից երկրների ղեկավարների խորհրդի 1997թ մարտի 28-ի որոշմամբ: 

Մեկնարկեց ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստը