Ջեյմս Ապատուրայ. Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում
18/10/2013 13:14

Ջեյմս Ապատուրայ. Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում

«Ես գերազանց հանդիպումներ եմ ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, երկրի այլ բարձրաստիճան ղեկավարության ներկայացուցիչների հետ և մենք քննարկել ենք Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հետ կապված հարցերի լայն շրջանակ»,-այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությանը, ասաց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
 
Նա նշեց, որ Հայաստանը ակտիվ մասնակիցն է միջազգային անվտանգության ապահովման գործընթացներում, այդ թվում խաղաղապահ առաքելությունների շրջանակներում:

«ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանին նրա պաշտպանական նոր համակարգի ստեղծման գործում, աջակցում ՀՀ-ի ռազմական կրթության արդիականացմանը, որպեսզի այն համապատասխանի ամենաբարձր չափանիշներին»,-նշեց Ապատուրայը:

Նրա խոսքով՝ իրենք համագործակցում են ՀՀ-ի հետ կոռուպցիայի դեմ պայքարի գործում, ՆԱՏՕ-ի և ՀՀ-ի համագործակցությունը հետագայում նույնպես շարունակվելու է:

Ջ. Ապատուրայը ասաց, որ իրենք ցանկություն ունեն ընդլայնել և խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ և ինքը հստակ լսել է ՀՀ-ի ղեկավարությունից, որ ոչ մի խնդիր գոյություն չունի ՀԱՊԿ-ի անդամակցության և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության միջև:

Նրա խոսքով՝ իրենք քննարկել են նաև միջազգային խաղաղապահ գործողություններում ՀՀ-ի մասնակցության հարցերը:
Ապատուրայը նշեց, որ իրենց համար շատ հստակ է, որ ՀՀ-ն ռազմավարական գործընկերության մեջ է գտնվում ՌԴ-ի հետ և դա ՀՀ-ի ինքնիշխան որոշումն է, սակայն ՀՀ-ն միշտ էլ բալանսավորված քաղաքականություն է վարել և ընդլայնել է համագործակցությունը նաև ՆԱՏՕ-ի հետ:

«ՀՀ-ը հավասարակշռված քաղաքականության շրջանակներում որոշել է քաղաքական և ռազմական համագործակցություն հաստատել նաև ՆԱՏՕ-ի հետ: Այստեղ «կամ-կամ» խնդիր չկա, կա «և-և» սկզբունք»,-նշեց Ջ. Ապատուրայը:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն երբեք նպատակ չի ունեցել ընդլայնվել դեպի հետխորհրդային տարածք, սակայն դաշինքի դռները միշտ բաց են եղել ժողովրդավարական երկրների համար՝ սա քաղաքական սկզբունք է և իրենք հավատարիմ են դրան:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, Ապատուրայը նշեց, որ ՆԱՏՕ-ն ոչ մի ներգրավածություն չունի ղարաբաղյան համակարտության կարգավորման գործընթացում և ՆԱՏՕ-ն աջակցում է Մինսկի խմբի գործունեությանը:

«Մենք համագործակցում են և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ: Բոլոր հանդիպումների ժամանակ մենք շեշտում ենք ղարաբաղյան խնդրի բացարձակապես խաղաղ կարգավորման հարցը»,-նշեց Ապատուրայը:

Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, միակ լուծումը դա փոխզիջումային, քաղաքական լուծումն է:

«Այս տարածաշրջանի բոլոր երկրները տնտեսական, քաղաքական մեծ օգուտներ կստանան այս հակամարտության կարգավորումից հետո»,-հավելեց Ջ. Ապատուրայը: 

Ջեյմս Ապատուրայ. Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում