.jpg)
«ԼՂ հակամարտության գոտում ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայման հարցը չի քննարկվել»
ԼՂ հակամարտության գոտում ՀԱՊԿ-ի խաղաղապահների տեղակայման հարցը երբևիցե չի քննարկվել: Այսօր կայացած Երևան-Մոսկվա-Աստանա-Կիև տեսակամրջի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Նման հարց երբևիցե չի քննարկվել: Դրա համար նախևառաջ պետք է 2 պետությունների համաձայնություն: Առհասարակ, սառեցված հակամարտությունների գոտում ՀԱՊԿ-ի խաղաղապահների տեղակայման հարցը քննարկման առարկա չի եղել, միգուցե դա նաև նրանից է, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերը ստեղծվել են մի քանի տարի առաջ»,-նշեց Ն. Բորդյուժան:
Անդրադառնալով 2013թ.-ին կազմակերպության գործունեությանը բանախոսը նշեց, որ այս տարի կազմակերպության ուշադրության կենտրոնում են եղել 2014թ.-ին Աֆղանստանից արևմտյան զորամիավորումների դուրսբերման հարցը, առհասարակ Աֆղանստանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ ծավալվող պայքարը:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի արագ արձագանքման ուժերի նորագույն զինատեսակներով համալրելու հարցին, Բորդյուժան նշեց, որ տվյալ համաձայնագիրը արդեն իսկ ստորագրվել է ՀԱՊԿ-ի անդամ ղեկավարների կողմից և գործընթացը կիրականացվի ըստ նախապես ձեռքբերված պայմանավորվածությունների: