.jpg)
Դեռևս վաղ է խոսել Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղյալ հայտարարելու մասին
Դեռևս վաղ է խոսել Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղյալ հայտարարելու մասին: Այդ մասին, իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյկոբ Լուն:
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարը, անդրադառնալով Իրանի նկատամամբ սահմանված տնտեսական պատժամիջոցների վերացման հավանականությանը, նշել է. «Ես կարծում եմ՝ պատժամիջոցները ազդեցություն գործում են, հենց այդ պատճառով են բանակցությունները սկսել: Մենք պետք է տեսնենք՝ նրանք (Իրանի պաշտոնյաները) քայլեր ձեռնարկո՞ւմ են, որպեսզի հեռու մնան միջուկային զենք ստեղծելու կարողությունից, թե՞ ոչ: Քանի դեռ Իրանի կողմից նման քայլերի ականատեսը չլինենք, պատժամիջոցների վերացման առումով որևէ գործընթաց չենք սկսի»:
Նկատենք, որ հոկտեմբերի 16-17-ը Իրանի միջուկային խնդրի շուրջ Ժնևում Իրանի և «5+1 խմբի» միջև տեղի ունեցավ հերթական հանդիպումը: Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեյ Քարին, անդրադառնալով միջուկային խնդրի լուծման վերաբերյալ Իրանի ներկայացրած նոր նախագծին, նշել էր, որ դա լուրջ և չափազանց օգտակար նախագիծ էր:
Հիշեցնենք, որ Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Իրանի և «5+1 խմբի» առաջին հանդիպումը տեղի էր ունեցել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի շրջանակներում: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 7-8-ը՝ Ժնևում:
Նախորդող հրապարակում՝ ԱՄՆ. Միջուկային խնդրի լուծման վերաբերյալ Իրանի նախագիծը չափազանց օգտակար էր