Վարչապետ. Ադրբեջանի հերթական նենգ սադրանքն էր, որը ստանալու է իր պատասխանը
23/10/2013 17:17

Վարչապետ. Ադրբեջանի հերթական նենգ սադրանքն էր, որը ստանալու է իր պատասխանը

«Սա Ադրբեջանի հերթական նենգ սադրանքն էր, որը ստանալու է իր պատասխանը: Կարծում եմ, որ նպատակն է հետընտրական փուլում Ադրբեջանի քաղաքացիների ուշադրությունը շեղել ընտրությունների արդյունքների վերաբերյալ բուռն քննարումներից և շարժառիթը հենց դա էր»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան վերջին սահմանային միջադեպի և ազատամարտիկների խնդիրների վերաբերյալ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի հարցին, հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Իջևան-Բերդ ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդը կրակ է բացել քաղաքացիական ու զինվորական մեքենաների վրա: Կրակոցների հետևանքով զոհվել է մեկ ժամկետային զինծառայող, ևս երեք զինծառայող վիրավորվել է:

Թ. Պողոսյանը հետաքրքրվեց նաև, թե ինչ ընթացքում է զոհված ազատամարտիկների և հաշմանդամություն ունեցող ազատամարտիկների բնակարանով ապահովման գործընթացը. «Ե՞րբ կկարողանանք պնդել, որ զոհված ազատամարտիկների բնակարանների ապահովման խնդիրը լուծված է»:

Ի պատասխան Տ. Սարգսյանը հիշեցրեց, որ ՊՆ-ն հաշվառել է բնակարանի կարիք ունեցողներին՝ միևնույն ժամանակ նշելով, որ ծրագիրը մի փոքր դանդաղել էր այն պատճառով, որ բնակարանաշինությանը հատկացված գումարները 2010-11-ին նվազել էին և եթե ծրագրված էր, որ տարեկան 3 մլրդ դրամ պետք է հատկացվի բնակարանաշինությանը, ապա այդ գումարը կրճատվել էր մինչև 500 մլն դրամի:

«Այսօր ՊՆ-ի հետ մշակում ենք մի ծրագիր, որը հնարավորություն է տալու կարճ ժամկետում այս խնդիրները լուծել: Այսինքն՝ պետք է ավելացնենք միջոցները զոհված ազատամարտիկների ընտանիքների, ինչպես նաև հաշմանդամների խնդիրները լուծելու համար, որոնց առջև ունենք բնակարանով ապահովելու պարտավորություն»,- ասաց վարչապետը: 

Վարչապետ. Ադրբեջանի հերթական նենգ սադրանքն էր, որը ստանալու է իր պատասխանը