.jpg)
Ա. Սարգսյան. ԵՄ-ն կայացած կառույց է, իսկ ՄՄ-ն` գոյություն չունի
Եվրամիությունը կայացած կառույց է, իսկ Մաքսային միությունը` գոյություն չունի: Մենք ուզում ենք ընտրություն կայացնել մի բանում, որտեղ մեկում մենք ինքներս ենք ուզում մաս կազմել, մյուսում մեզ պարտադրում են: Լրագրողների հետ ճեպազրույցում, խոսելով Հայաստանի վարած արտաքին և ներքին քաղաքականության մասին, նման կարծիք հնչեցրեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, ով հրավիրված էր ՀՀՇ հիմնադիր համագումարին:
«Ես դեմ եմ ցանկացած պարտադրանքի, առավել ևս այն պարտադրանքին, որն ապագա չունի»,- շարունակեց խոսքը Ա. Սարգսյանը:
Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է բեկանել Մաքսային միությանն անդամակցելու որոշումը, Ա. Սարգսյանը նախ ասաց, որ մի քանի ուժերի հետ բանակցել և նախանշել են մինիմում և մաքսիմում ծրագրեր:
«Մինիմում ծրագրով պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանն այդ անիմաստ, անհեռանկար ՄՄ անդամ չլինի, մաքսիմում ծրագրով պետք է անել, որ թեկուզ ոչ Վիլնյուսում, հետագայում Հայաստանն ու նրա երիտասարդ սերունդները հնարավորություն ունենան ապրել ԵՄ անդամ, եվրոպական արժեքներին համարժեք, համամարդկային արժեքներին համարժեք կյանքով:
Իսկ թե ինչ դիրքորոշում կունենար այս հարցում սպարապետ Վազգեն Սարգսյանը, Ա. Սարգսյանը նշեց, որ իր եղբայրը գործում էր հանուն Հայաստանի Հանրապետության շահերի, և ինքն էլ աշխատում է գործել հանուն դրա:
«Եթե դուք մտածում եք, որ նա պետք է համաձայն լիներ ՄՄ անդամ դառնալուն, և ռուսական չինովնիկները գային այստեղ մեծ-մեծ խոսեին, որ հայկական բանակի փոխարեն այսուհետ ՀԱՊԿ-ն պետք է ներկայանցի Հայասանը ՆԱՏՕ-ում, չարաչար սխալվում եք»,- եզրափակեց խոսքը Ա. Սարգսյանը: