Անրի Ռենո. ԵՄ-ն բաց է Հայաստանի հետ համագործակցության համար
29/10/2013 13:23

Անրի Ռենո. ԵՄ-ն բաց է Հայաստանի հետ համագործակցության համար

Մաքսային միությանն անդամակցելու որոշումը ինքնիշխան Հայաստանի կայացրած որոշումն է և այն պետք է հարգանքի արժանանա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն։

Նրա խոսքով՝ ինքը չի տիրապետում այնպիսի տեղեկատվության, որ Հայաստանը Մոսկվայի ճնշումների ներքո է ցանկություն հայտնել ՄՄ-ին և իրենք հարգում են Հայաստանի կայացրած ցանկացած որոշում, և այն չի կարող ազդել հայ-ֆրանսիական հարաբերությունների վրա:

Ա. Ռենոյի խոսքով` այս որոշում կայացնելը չի նշանակում, որ Եվրոպական միության հետ անդամակցության համար բոլոր դռները փակվել են:

«ԵՄ-ի դռները բաց են համագործակցության համար: Մաքսային միությանը անդակացությունը չի նշանակում բոլոր ոլորտներում համագործակցություն, խոսքը արդարադատության, մարդու իրավունքների և մի շարք այլ ոլորտներին է վերաբերվում: ԵՄ-ն նախ և առաջ քաղաքական կառույց է և շարունակում է պահպանել իր քաղաքական շեշտադրումը:

Գիտեմ, որ ՀՀ իշխանությունները միշտ էլ ցանկություն են հայտնել պահպանել ԵՄ-ի ամենատարբեր ատյանների հետ իր հարաբերությունները, այնքանով, որքանով դա համապատասխանում է իրենց կայացրած որոշմանը: ԵՄ-ն ևս կշարունակի զարգացնել ՀՀ-ի հետ իր հարաբերությունները հնարավոր բոլոր սահմաններում»,-ասաց նա։

Անդրադառնալով գրող Զորի Բալայանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին՝ Ա. Ռենոն նշեց, որ սկզբունքորեն չի սիրում խառնվել ուրիշի գրած նամակներին, սակայն վստահ է, որ ԼՂ հակամարտության ճակատագիրը չի կարող կախված լինել որևէ նամակից։

Հարցին` իսկ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը երբ նորից կքննարկցի Ֆրանսիայի սենատում, Ա. Ռենոն նշեց, որ իրեն հայտնի չեն ստույգ ժամկետները, սակայն այժմ գնում է օրինագծի համապատասխանեցման գործընթաց:

 

 

Անրի Ռենո. ԵՄ-ն բաց է Հայաստանի հետ համագործակցության համար