.jpg)
Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը ժամանեց Հայաստան
ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից:
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած պաշտոնական դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել առանձնազրույց երկու երկրների պաշտպանության նախարարների միջև, այնուհետև` հանդիպում ընդլայնված կազմով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական երկկողմ ռազմական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: Կողմերը երկուստեք բարձր են գնահատել Հայաստանի և Հունաստանի պաշտպանական գերատեսչությունների միջև առկա համագործակցության բարձր մակարդակը, ինչի խոսուն վկայությունն է գրեթե ամբողջությամբ իրականացված երկկողմ ռազմական համագործակցության 2013թ. ծրագիրը և Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետի ու պաշտպանության նախարարի իրար հաջորդող այցերը Հայաստան:
Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: