.jpg)
Վ. Սարգսյան. Երբ Սեֆիլյանը դիմի, այդ ժամանակ աշխատակազմը որոշում կկայացնի
2014 թ.-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այսօր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին հարցրեց, որ եթե կառավարության օրինագծով էականորեն բարձրանա իր աշխատավարձը, ինչպե՞ս է բարձրացնելու աշխատանքի արդյունավետությունը:
Վիգեն Սարգսյանն ի պատասխան հայտարարեց, որ չի կարծում, թե աշխատավարձի բարձրացմամբ ընդլայնվելու են իր գործառույթները, բայց. «Ակնհայտ է, որ աշխատավարձը լուծում է արդյունավետ կադրային համալրման խնդիր և ոչ մի վատ բան չկա նրանում, որ մի շարք ոլորտների 230 հազարից ավելի մասնագետների աշխատավարձերն էականորեն բարձրանալու են»,- ասաց Վ. Սարգսյանը` ավելացնելով, որ իր աշխատավարձը որոշում է ոչ թե ինքը, այլ` ԱԺ-ն` կառավարության ներկայացրած սանդղակով:
Շարունակելով խոսքը` Նախագահի աշխատակազմի ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանում աշխատավարձերի բարձրացումը պետք է շարունակական լինի և դրան այլընտրանք չկա:
Պատգամավոր Փոստանջյանը հետաքրքրվեց նաև` ինչո՞ւ Արցախյան ազատամարտի հերոս Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն չի շնորհվում:
«Պարոն Սեֆիլյանը մերժում ստանալուց հետո չի վերադիմել, ու քանի որ չի վերադիմել, հետևաբար` նրան քաղաքացիություն տալու որոշում չի կայացվել: Երբ վերադիմի, աշխատակազմը հնարավորինս արագ կգործի և որոշում կկայացվի»,- ի պատասխան պատգամավորի` ասաց Վ. Սարգսյանը: