Ուղեվարձի թանկացման դեմ «Բարև Երևանի» բողոքը` վերաքննիչ դատարանի վարույթում
30/10/2013 17:46

Ուղեվարձի թանկացման դեմ «Բարև Երևանի» բողոքը` վերաքննիչ դատարանի վարույթում

Հայաստանի Վերաքննիչ վարչական դատարանը վարույթ է ընդունել Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության վերաքննիչ բողոքը՝ ընդդեմ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Արծրուն Միրզոյան) 24.09.2013թ. և Երևանի քաղաքապետի 19.07.2013թ. որոշումների, որոնք վերաբերում է Երևանում տրանսպորտի ուղեվարձի բարձրացմանը:

Այդ մասին Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ա.Սարգսյանը գրավոր ծանուցել է «Բարև Երևան» խմբակցությանը՝ տեղեկացնելով, որ ներկայացված վերաքննիչ բողոքը «համապատասխանում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.4-րդ հոդվածի պահանջներին, և բացակայում են նույն օրենսգրքի 117.6-րդ հոդվածով նախատեսված՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերը»:

Նախկինում՝ սեպտեմբերի 24-ին ՀՀ վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը հրաժարվել էր վարույթ ընդունել հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության երկու հայցադիմումները՝ դրանք հետ վերադարձնելով օրենսդրությանը տրված կամայական մեկնաբանությունների, խեղաթյուրման և իր նախկին որոշման մեջ առաջադրված պահանջները ակնհայտ կեղծելու ճանապարհով:

Հիշեցնենք, որ հուլիսին քաղաքապետարանը հայտարարել էր հուլիսի 20-ից հասարակական տրանսպորտի գնի բարձրացման մասին, երթուղայիններն ու ավտոբուսները դարձնելով 150, տրոլեյբուսները՝ 100 դրամ: Դրանից հետո մայրաքաղաքում բողոքի մեծ ալիք էր բարձրացել: Երիտասարդները քաղաքի տարբեր հատվածներում ակցիաներ էին կազմակերպում՝ կոչ անելով չվճարել 150 դրամ:

Հուլիսի 25-ին քաղաքապետը ստիպված եղավ հայտարարել, որ 150 դրամ վճարելու մասին որոշումը ժամանակավորապես կասեցվում է և ստեղծվում է հանձնաժողով, որը պետք է քննարկի հարցը:

Սեպտեմբերի 24-ին Տարոն Մարգարյանը ստորագրեց հասարակական տրանսպորտի ուղեվարձի ձևավորվման հարցով զբաղվող հանձնաժողովի ստեղծման որոշումը: Հանձնաժողովը աշխատանքներն սկսել է սեպտեմբերի 27-ին:
 

Ուղեվարձի թանկացման դեմ «Բարև Երևանի» բողոքը` վերաքննիչ դատարանի վարույթում