Թուրքագետ. Մաքսային միությանը Թուրքիայի անդամակցությունն անիրատեսական է
31/10/2013 14:35

Թուրքագետ. Մաքսային միությանը Թուրքիայի անդամակցությունն անիրատեսական է

«Մաքսային միությանը Թուրքիայի անդամակցությունը ներկա փուլում անիրատեսական է, չկան դրա համար իրական նախադրյալներ: Դա Թուրքիայի խաղի մի մասն է, որը պայմանավորված է ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ ունեցած հակասություններով»,- այսօր կայացած ասուլիսում՝ անդրադառնալով Մաքսային միությանը Թուրքիայի միանալու մտադրության մասին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությանը, նման տեսակետ հայտնեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա հիշեցրեց, որ Եվրամիությունն առժամանակ կասեցրել էր Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները, ինչը պայմանավորված է Եվրամիության առաջ ստանձնած պարտավորությունները չկատարելով, որի վերջին վկայությունն էր Գեզի պուրակի հետ կապված շարժման ճնշումը:

«Եվրամիությունը միայն վերջերս հայտարարեց, որ վերսկսում է բանակցությունները: Մաքսային միությանը Թուրքիայի միանալու այս խաղը կապված է Եվրամիության և ԱՄՆ-ի վրա ճնշում գործադրելու հետ»,- նշեց բանախոսը՝ հավելելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի և ԵՄ Մաքսային միության անդամ է, իսկ  Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին թուրքական պաշտոնական հայտարարություն չի եղել: 

Թուրքագետ. Մաքսային միությանը Թուրքիայի անդամակցությունն անիրատեսական է