Վիլնյուսից հետո կհստակեցվեն ՀՀ-ԵՄ հետագա համագործակցության ուղղությունները
31/10/2013 14:55

Վիլնյուսից հետո կհստակեցվեն ՀՀ-ԵՄ հետագա համագործակցության ուղղությունները

Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է Եվրամիության հետ սերտ համագործակցությունն ու դրա շարունակականությունը: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը: 

«Մենք ևս մեծապես կարևորում ենք ԵՄ հետ համագործակցությունը, որովհետև ակնհայտ է, որ Հայաստանը պատրաստ է պետականաշինության, ժողովրդավարության առումով ԵՄ հետ հարաբերությունների հետագա խորացմանը: Ներկայում տեղի է ունենում բավականին ինտենսիվ Երևան-Բրյուսել գործընթաց, որը նպատակ ունի ձևավորելու օրակարգը և առավելապես հստակեցնելու այն ուղղությունները, որոնցով ՀՀ-ԵՄ հարաբերությունները հետայսու պետք է շարունակվեն»,- նշեց Ս.Ֆարմանյանն ու հավելեց, որ հայկական կողմը շատ լավ հասկանում է, որ վերջին զարգացումների կոնտեքստում կա որոշակի չհասկացվածություն, ինչը, Ֆարմանյանի գնահատմամբ, փոխադարձ է:

«Բայց Վիլնյուսի գագաթաժողովից հետո, որին Հայաստանն անպայման մասնակցելու է, կհստակեցվեն այն ուղղությունները, որոնցով կշարունակվի համագործակցությունը ՀՀ-ԵՄ միջև»,- ասաց Ս. Ֆարմանյանը:

Ինչ վերաբերում է վիզաների դյուրացման հարցին, ապա Ս.Ֆարմանյանն ասաց, որ առաջիկա քառօրյայում այդ հարցը կքննարկվի ԱԺ-ում, որից հետո կվավերացնի ՀՀ Նախագահը՝ հույս հայտնելով, որ հունվարի 1-ից այն ուժի մեջ կմտնի:

«Վիզաների դյուրացումը վերջին տարիների համագործակցության կոնկրետ արդյունքներից մեկն է, ինչը փաստում է, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը անցած տարիներին եղել է շատ արդյունավետ»,- եզրափակեց խոսքը Ս. Ֆարմանյանը: 

Նախորդող հրապարակում՝ Եվրախորհրդարանի անդամները Հայաստանը ճանաչում են որպես առանցքային գործընկեր
 

 

Վիլնյուսից հետո կհստակեցվեն ՀՀ-ԵՄ հետագա համագործակցության ուղղությունները