Ոստիկանություն. Արարատում գրանցված զինվորները ընտրություններին չեն մասնակցի
08/11/2013 20:35

Ոստիկանություն. Արարատում գրանցված զինվորները ընտրություններին չեն մասնակցի

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկատվության վերաբերյալ, ըստ որի Արարատում գրանցված բազմաթիվ զինծառայողներ արձակուրդ են ստանում և նրանց տրամադրվում են անձնագրեր՝ Արարատի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար: Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է.

«Հայտնում ենք, որ շրջանառվող լուրը ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը:
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ քվեարկություններին չեն կարող մասնակցել:

ՀՀ օրենսդրության համաձայն` պարտադիր զինվորական ծառայության զորակոչված անձինք հանվում են բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից և ըստ բնակության վայրի հաշվառվում են զորացրվելուց հետո:

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ ընտրողների ցուցակները կազմվել են բացառապես ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների հիման վրա: Զորացրվելու կապակցությամբ բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից հանված անձանց տվյալները առկա չեն ընտրողների ցուցակներում: Հետևաբար, անկախ այն հանգամանքից զինծառայողը գտնվում է զորամասում, թե ժամանակավոր արձակման մեջ, վերջինս չի կարող մասնակցել ընտրությանը»:
 

Ոստիկանություն. Արարատում գրանցված զինվորները ընտրություններին չեն մասնակցի