.jpg)
«Ռուսները չեն կարողանում հիմնավորել Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին»
«Ռուսաստանում վերջին շրջանում մեծ թափով ընթանում է քարոզչություն` ընդդեմ եվրոպական, ժողովրդավարական արժեքների: Վերջին երկու ամսվա ընթացքում ռուսական քարոչությունը հիշեցնում է խորհդային «Պրավդան»»,- այսօր «Մաքսային միություն. Հայաստանի անվտանգության մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը:
Ըստ նրա` որևէ ռուս գործիչ, ով այլեցել է Հայաստան, չի կարողացել հիմնավորել, թե ինչու պետք է Հայաստանը անդամակցի Մաքսային միությանը:
«Հայաստանի իշխանությունները տվել են Հայաստանի կառավարման մանդատը Ռուսաստանին. Մաքսային միության հետ կապված այդ գործընթացը շղարշ է: Հայաստանը բռնակցվում է կայսերական Ռուսաստանին և եթե այս գործընթացը չդադարեց, մեզ համար հետևանքները կլինեն ավելի ծանր, քան օգոստոսյան պատերազմը Վրաստանի համար»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:
Նա նշեց, որ Մաքսային միությանը անդամակցելով` իշխանությունը ցանկանում է պահպանել իրեն:
«Հայաստանի այսօրվա քաղաքական համակարգը, ողջ խորհդարանը, բացառությամբ մի քանի պատգամավորների, ի վիճակի չէ պաշտպանել մեր պետականությունը, ինքնիշխանությունը: Այս համակարգը կարող է գոյատևել՝ լինելով միայն Ռուսաստանի կցորդը»,-ասաց Դ. Շահնազարյանը:
Նրա խոսքով` քաղաքական այս համակարգը Հայաստանի անվտանգության ամենամեծ սպառնալիքն է: