.jpg)
Փորձագետ. Ադրբեջանն ավելի ագրեսիվ է դարձել
«Ադրբեջանի կողմից իրականացվող քայլերը հատկապես վերջին շրջանում մեզ հուշում են, որ այդ երկիրը, և՛ ռազմական, և՛ քաղաքական առումով դարձել են առավել ագրեսիվ»,- հարցին, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելու ֆոնին սրացումներ ակնկալվու՞մ են առաջնագծում, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանը:
Նրա խոսքով` հաշվի առնելով փորձը, որ բոլոր կարևոր հանդիպումներից առաջ կամ հետո սահմանագծին հակառակորդի կողմից ակտիվություն է նկատվում, ենթադրվում է՝ այս անգամ ևս սահմանագծին Ադրբեջանը կրկին կփորձի պահել լարվածությունը:
«Ադրբեջանում այդ հանդիպման նախապատրաստությունը սկսել են դեռ մեկ ամիս առաջ, երբ հայկական դիրքերի ու խաղաղ բնակավայրերի ուղղությամբ գնդակոծությունն առավել հաճախակի բնույթ ստացավ: Իսկ նրանք հենց այնպես չեն կրակում, այդ ամենը հաշվարկված բնույթ է կրում:
Հետո չմոռանանք, որ բանակցություններին զուգահեռ, բացի խաղաղ բնակիչների ուղղությամբ արձակված կրակոցներից, Ադրբեջանը ինտենսիվ զինվում է՝ փորձելով ցույց տալ, որ պատրաստ է խնդրի ռազմական ճանապարհով կարգավորմանը»,- նշեց Գ. Կարապետյանը:
Արդյոք վերջին օրերին Ադրբեջանի կողմից հնչող կոշտ հայտարարություններն ու սպառազինության գործարքները որոշակի առումով ճնշու՞մ են հայկական կողմի վրա, վերջինս նշեց.
«Դա ճնշում է, բայց ոչ թե հայկական կողմի, այլ միջազգային հանրության դեմ, քանի որ շատ երկրներ ներդրումներ են արել Ադրբեջանում և չեն ցանկանա վտանգ տակ դնել իրենց ներդրումները»: