.jpg)
ԱԺ-ն քննարկում է ԼՂՀ ճանաչելու մասին օրինագիծը
Այսօր խորհրդարանում սկսեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Զարուհի Փոստանջյանի հեղինակած օրենքի նախագծի քննարկումը:
Իր խոսքում Փոստանջյանն օրինագծի քննարկումն անհետաձգելի համարեց` նշելով, որ իր ներկայացրած նախագիծը ներկայացվել է դեռ 2007-ին, սակայն այսօր էլ իրենք գտնում են ու արդիական համարում ԼՂՀ ճանաչումը:
«Հատկապես այն դեպքում, երբ հաշվի ենք առնում այն մարտահրավերները, որ առկա են երկու հանրապետությունների առջև: «Ժառանգությունը» այն կարծիքին է, որ օրինագիծը պետք է արժանանա հավանության բոլորի կողմից: Քննարկելով այս օրինագիծը՝ բոլոր պատգամավորները պետք է կողմ քվեարկեն»,- ասաց նա:
Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչումը, պատգամավորի խոսքով, Հայաստանի կողմից ազդակ կլինի մյուս պետությունների համար՝ այդ գործընթացը սկսելու համար. «Իսկ այն փաստարկը, թե ԼՂՀ անկախությունը ճանաչելու դեպքում կսկսվեն պատերազմական գործողություններ, պետք է հիշեցնեմ, որ այսօր էլ պատերազմը, ըստ էության, գոյություն ունի և այնպես չէ, թե խաղաղության պայմաններում ենք ապրում…»:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հետաքրքրվեց Փոստանջյանից, թե նա մտավախություն չունի՞, որ ճանաչումը կբերի պատերազմի. «Ես վստահ եմ, որ Ադրբեջանը հենց պատրաստ լինի լայնամասշտաբ ռազմական գործողությունների, դա իրականացնելու է: Այսօր հենց այն պահն է, որ Ադրբեջանը պատրաստ չէ, և Հայաստանը պետք է այդ պահը օգտագործի»: