.jpg)
Հայաստանի և Արցախի Նախագահները ներկա են գտնվել ՊԲ զորավարժություններին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին նոյեմբերի 12-ին հանրապետության հյուսիսային հատվածում ներկա է գտնվել Պաշտպանության բանակի ստորաբաժանումների զորավարժություններին:
Նույն օրը երեկոյան հայկական երկու հանրապետությունների նախագահները Ստեփանակերտ քաղաքում մասնակցել են Պաշտպանության բանակի բարձրագույն սպայական անձնակազմի խորհրդակցությանը՝ նվիրված զորավարժությունների ընթացքին:
Բակո Սահակյանը կարևորել է Պաշտպանության բանակի պաշտպանունակության մակարդակի հետևողական բարձրացումը՝ այն համարելով Արցախի անվտանգության ապահովման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման ամենաազդեցիկ բաղադրամասերից մեկը:
Միջոցառումներին ներկա էին ԼՂՀ և ՀՀ պաշտպանության նախարարները, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հաղորդում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից: