.jpg)
Ա. Մանուկյան. Եթե Կենսաթոշակների մասին օրինագիծը հետաձգվի, բյուջեն կտապալվի
Եթե այս օրենքի նախագիծը մեկ տարի էլ հետաձգվի, ամբողջ բյուջեն կքանդվի, կտապալվի, քանի որ ամբողջ բյուջեն այս օրինագծի հիման վրա է կառուցված: ԱԺ ճեպազրույցների ժամանակ, խոսելով «Կուտակային կենսաթոշակի մասին» օրինագծի մասին, նման կարծիք հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նա ողջունելի համարեց այն նախաձեռնությունը, ըստ որի, ինչպես ասաց պատգամավորը, հարյուրներով երիտասարդներ են հավաքվում ԱԺ շենքի մոտ, ովքեր դեմ են այս օրինագծին:
«Սա սահմանադրական նորմի, մարդու իրավունքի խախտում է: Այս նախաձեռնությունը, որը ԱԺ-ի մոտ է, գրագետ է ձևակերպել իր պահանջը՝ օրենքի փոփոխությունը: Արժե, որ շարժում սկսի, երիտասարդները տեր կանգնեն իրենց իրավունքերին»,- ասաց ՀԱԿ պատգամավորը:
Օրինագիծը, Ա. Մանուկյանի խոսքով, կողոպուտ է յուրաքանչյուր մարդու հանդեպ. «Կուտակումները պետք է կամավոր լինեն, ոչ թե պարտադրված»,- ասաց նա և ավելացրեց, որ իրենք նպաստելու են, որ այս շարժումը թափ հավաքի:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի կողմից արտահերթ նիստին չմասնակցելուն, ՀԱԿ պատգամվորը զարմանալի համարեց նրանց «վախկոտությունը». «Չեմ հասկանում ինչի չեն գալիս ու խոստովանում, որ իրենք սխալ են, նրանք կարող էին գալ, չքվեարկել, բայց ոչ՝ չմասնակցել: Դա վկայում է, որ թիմ չեն առաջնորդվում են մեկ մարդու հրամաններով»: