.jpg)
«Վիրահայերին տրված խոստումներն իրականացնելու համար խոչընդոտներ չկան»
Վրաստանի նախագահական ընտրություններն իրենց թափանցիկությամբ որակական չափանիշներին համապատասխանեցին, տեղի ունեցան արդար, թափանցիկ ընտրություններ, ինչը տարածաշրջանում մեծ ձեռքբերում է: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, Վիրահայերի միասնություն հայրենակցական միության նախագահ Տաճատ Վարդապետյանը:
Իվանիշվիլին ամբողջովին դուրս չի գալու քաղաքականությունից, իսկ Մարգվելաշվիլին, պատգամավորի կարծիքով, վիրահայության համար նախընտրելի թեկնածու է. «Ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլին թեև շատ կարճ ժամանակ է ղեկավարել այդ կառույցը, սակայն, կարելի է ասել, որ այդ ոլորտում դրական տեղաշարժեր կային, ուստի վիրահայերն ակնկալում են, որ, եթե նա վարչապետ դառնա, Վրաստանը կընթանա դեմոկրատացման ճանապարհով»,- ասաց Տ. Վարդապետյանը և ավելացրեց, որ դեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ վիրահայերին` Բիձինա Իվանիշվիլիի տված խոստումներն իրագործելու համար ոչ մի խոչընդոտ չկա:
«Մենք ակնկալում ենք, որ այլևս խոչընդոտներ չեն կարող լինել վիրահայերին տրված խոստումներն իրականացնելու համար հիմա, երբ Վրաստանում վերացել է երկիշխանության մթնոլորտը: Շատ կարևոր է Վրաստանում երկքաղաքացիության մասին օրենքի ներդրումը, որի մասին արդեն խոսել է նորընտիր նախագահը»,- մանրամասնեց պատգամավորը: