.jpg)
Սախարով մրցանակ՝ 1988-ից մինչև 2013․ Մալալա Յուսաֆզային ստացավ իր մրցանակը
2013.-ին Սախարով մրցանակին արժանացած պակիստանցի աղջիկ Մալալա Յուսաֆզային այսօր Ստրասբուրգում անցկացվող Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ նախագահ Մարտին Շուլցի կողմից ստացավ իր մրցանակը։ Այս մասին հայտնում է Ստրասբուրգում Aysor.am-ի թղթակիցը։
Այս տարի նշվում է Սախարով մրցանակի ստեղծման 25 ամյակը(1988թ․), որի կապակցությամբ Եվրոպական խորհրդարանում մրցանակի հանձման արարողությանը ներկա էին Սախարով մրցանակի արժանացած դափնեկիրներներց 22-ը։
Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն իր խոսքում ասաց, որ այսօր Եվրոպական խորհրդարանի համար յուրահատուկ օր է, քանի որ նշվում է Սախարով մրցանակի 25-ամյակը։
«Այս տարի յուրահատուկ է նաև Սախարով մրցանակի դափնեկիրը։ Այն հանձնվում է երիտասարդ աղջկա, մենք շնորհակալ ենք քեզ Մալալա, որ դու ապրեցիր, պայքարեցիր։ Դու արդեն համաշխարհային խորհրդանիշ ես։ Սա միայն սկիզբն է։ Ինչպես դու ես ասում, չէիր դառնա այն Մալալան, որ հիմա ես, եթե չմեծանայիր այս ընտանիքում, որտեղ հայրը համարում է, որ աղջիկներն ու տղաները հավասար են։ Քո հայրն է քեզ խրախուսել սովորել, պայքարել քո իրավունքների համար։ Ինչպես Մալալան հայտնեց ՄԱԿ-ի ամբիոնից. «Ուսուցիչը, գրիչը և գիրքը կարող են փոխել աշխարհը»։
«Կրթությունը մարդու հիմնարար իրավունքն է։ Դու միլիոնավոր մարդկանց մոտ կրթություն ստանալու հույս արթնացրեցիր։ Հուսանք, որ այդ երազանքը իրականություն կդառնա։ Շնորհավորում եմ»,-ասաց Մարտին Շուլցը և մրցանակը հանձնեց Մալալային։
Մալալան իր խոսքը սկսեց ֆրանսիացի փիլիսոփա Վոլտերի խոսքերով՝ ասելով․
«Համաձայն չեմ, ինչ դուք ասում եք, չեմ համաձայնի ինչ դուք կասեք, բայց ես մինչ մահ կպաշտպանեմ արտահայտվելու Ձեր իրավունքը։
Հարգարժան ներկաներ, պատգամավորներ, մրցանակակիրներ։ Ինձ համար Սախարով մրցանակն ամենակարևորն է, որն ինձ մեկ անգամ ևս խրախուսում է շարունակել իմ պայքարը։ Ուրախ եմ, որ միասնականորեն առաջադրվել եմ այս մրցանակին։
Հուսով եմ, որ Եվրոպական խորհրդարանը կնայի Եվրոպայից դուրս, որտեղ մարդիկ պատժվում են իրենց հիմնարար իրավունքների համար։ Շատ երեխաներ ոչինչ չունեն ուտելու, ջուր չունեն խմելու։ Նրանք չեն կարող դպրոց գնալ։ Անհնար է պատկերացնել կյանքն առանց կրթության, երեխաները տառապում են վաղ ամուսնությունից, թրաֆիքինգից, սակայն դեռ հույս կա։
Չկա ազատություն, բայց դեռ հույս կա։ Հազարավոր դպրոցներ քանդվել են, կա պատերազմ, կա ահաբեկչություն, բայց նաև դեռ հույս կա։ Կա հույս, քանի որ դուք այստեղ եք, միասնական՝ նրանց համար պայքարելու։
Քույրեր և եղբայրներ, մենք պետք է փոխենք հզոր լինելու գաղափարախոսությունը։ Հզորությունը չի կարող լինել զենքի ու զորքի թվաքանակը։ Հզոր է այն երկիրը, որն ապահովում է մարդկանց ազատությունը, ում քաղաքացիներն առավել կրթված են, առավել պատկառելի գրականություն ունեն։ Ահա սա է հզոր երկիրը, այլ ոչ թե հզոր բանակ ունեցողը։
Հուսով եմ, որ մեր միասնականության և վճռականության արդյունքում մենք կհասնենք մեր նպատակին։
Միլիոնավոր երեխաներ կարիքավոր են. Նրանք կարիք ունեն ոչ թե Iphone-ի, Play Station-ի, շոկոլադի, այլ կարիք ունեն գրքի ու գրչի։ Շնորհակալ եմ»։
Մարտին Շուլցն ի պատասխան Մալալայի ելույթի` ասաց․ «Սա հզոր ելույթ էր։ Ոչինչ չկա ավելացնելու»։
Հիշեցնենք, որ 16-ամյա Մալալա Յուսաֆզային պայքարում էր Թալիբան ռեժիմի դեմ, որը չէր թույլատրում աղջիկներին դպրոց հաճախել։ Նա 11 տարեկան էր, երբ սկսեց պայքարը սոցիալական ցանցերում՝ կեղծ անվան տակ։ 2012թ․-ին թալիբանները մահափորձ կատարեցին նրա նկատմամբ, որից հետո Մալալան դարձավ կանանց իրավունքների համար պայքարի խորհրդանիշ։