Կիրո Մանոյան. Պիտի աշխատենք ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ
20/11/2013 13:33

Կիրո Մանոյան. Պիտի աշխատենք ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ

Նախօրեին կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումը դրական փորձ էր, բայց, ամեն դեպքում, եթե այս հանդիպումից հետո դրական քայլեր չլինեն, ուրեմն` մեզ ավելի մեծ հիասթափություն է սպասվում, որը կարող է վատ հետևանքներ ունենալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Բացի այդ, այս հանդիպումից հետո անգամ դրական առաջընթացը չի նշանակում, թե մենք մեր ամբողջ հույսը պետք է դնենք բանակցային գործնթացի վրա: Մենք պետք է աշխատենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ»,- ասաց Կիրո Մանոյանն ու ավելացրեց.

«Եթե 5-10 պետություն կհամաձայնի ԼՂՀ-ն ճանաչել այնքանով, որքանով ՀՀ-ն է ճանաչել, դա բավականին մեծ ճնշում կլինի Ադրբեջանի վրա»:

Անդրադառնալով ընդհանուր առմամբ տարածաշրջանում տիրող իրավիճակին, Կ. Մանոյանը նշեց, որ եթե Իրանի հետ ընթացող բանակցությունները բարեհաջող ավարտվեն, Վրաստան-Ռուսաստան հարաբերությունները կարգավորվեն, Թուրքիան ավելի զսպված լինի, Սիրիայում իրավիճակը կարգավորման փուլ մտնի, մեզ համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն.

«Այնուամենայնիվ, անգամ այդ իրավիճակում չեմ պատկերացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում: Քանի որ կարգավորմանն ամեն կերպ խանգարում է հակամարտության կողմերից մեկը` Ադրբեջանը»,- ասաց Կիրո Մանոյանը:

Հիշեցնենք, որ երկարատև ընդմիջումից հետո Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդիպել են երեկ Վիեննայում: 

 

Կիրո Մանոյան. Պիտի աշխատենք ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ