Հայաստանում Դանիայի դեսպանը հավատարմագրերն է հանձնել ԱԳ նախարարին
21/11/2013 17:52

Հայաստանում Դանիայի դեսպանը հավատարմագրերն է հանձնել ԱԳ նախարարին

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հայաստանում Դանիայի նորանշանակ դեսպան Մերետա Յուլին (նստավայրը՝ Կիև)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հաջողություններ է մաղթել նրան իր պատասխանատու առաքելության մեջ և ընդգծել, որ Հայաստանը շահագրգիռ է ընդլայնելու և խորացնելու հարաբերությունները Դանիայի հետ, ինչի մասին վկայում է 2011թ. Կոպենհագենում ՀՀ դեսպանության բացումը, որից հետո փոխգործակցությունն ակտիվացել է:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Յուլը վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կգործադրի հայ-դանիական համագործակցությունը խորացնելու և ամրապնդելու համար:

Զրուցակիցները քննարկել են քաղաքական, տնտեսական, միջխորհրդարանական, կրթամշակութային ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավոր ուղիները, շեշտել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ:  

Հայաստանում Դանիայի դեսպանը հավատարմագրերն է հանձնել ԱԳ նախարարին