Է. Նալբանդյանի պատասխանը լրագրողներին. Կտեսնեք հաղորդագրությունը և կիմանաք
22/11/2013 16:14

Է. Նալբանդյանի պատասխանը լրագրողներին. Կտեսնեք հաղորդագրությունը և կիմանաք

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տարածել է լրագրողների հետ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ճեպազրույցի սղագրությունը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

- Պարոն նախարար, Հայաստանը մասնակցելու է Վիլնյուսի գագաթաժողովին և արդյոք հայտնի՞ է Հայաստանի պատվիրակության կազմը։

- Բոլոր մանրամասները պատշաճ ժամկետներում և պատշաճ կարգով կհայտնվեն։

- Այսինքն անորո՞շ է

- Որոշված է, բայց կհայտնվի համապատասխան ժամկետներում։

- Իսկ ի՞նչ է սպասվում, ի՞նչ պետք է կնքի Հայաստանը։

- Ես արդեն ասացի, ինչ-որ լինելու է, կիմանաք պատշաճ ժամկետներում և կարգով։

- Ի՞նչ եք կարծում, Ուկրաինայի հրաժարվելը կազդի Հայաստանի մտադրության վրա:

- Ամեն երկիր ինքն է որոշում, թե ինչպես է զարգացնում հարաբերությունները հարևան երկրների հետ, տարբեր տարածաշրջանային կառույցների հետ։ Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին Եվրամիության հետ, մենք բազմիցս արտահայտվել ենք։ Հայաստանը ցանկանում է շարունակել համագործակցությունը Եվրամիության հետ բոլոր հնարավոր ուղղություններով։ Դրա մասին ասվել էր նաև այն մամլո հաղորդագրության մեջ, որը հրապարակվել էր Բրյուսելում Քեթրին Էշթոնի հետ հանդիպումից հետո: Իսկ Քեթրին Էշթոնն իր կողմից հայտարարել էր, որ Եվրոպական միությունը ցանկանում է շարունակել համակողմանի փոխգործակցության զարգացումը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, որոնք համատեղելի կլինեն Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի որոշման հետ: Դրան հավելելու բան այս պահին չկա։

- Պարոն նախարար, նախագա՞հն է գլխավորելու Հայաստանի պատվիրակությունը:

- Ես ասացի, որ մենք կհայտնենք պատշաճ ձևով և պատշաճ ժամանակահատվածում։

- Բայց ի՞նչ է լինելու, վերջ ի վերջո ինտրիգ է չէ՞ առաջանում:

- Այցելությունների մասին, տարբեր մակարդակներով կազմակերպվող միջազգային համաժողովներին մասնակցության մասին, ինչպես դուք տեղյակ եք, սովորաբար հայտնվում էքանի օրո՞ւմ: Երբեք չի եղել, որ տաս օր, կամ մեկ շաբաթ առաջ հայտնվի:

- Պարզապես հարցը հուզում է հանրությանը, այդ պատճառով

- Ես ձեզ պատասխանեցի` կտեսնեք հաղորդագրությունը և կիմանաք:

- Եվրամիության հետ զարգացման հեռանկարնե՞ր...:

- Հեռանկարները լավ են, դրական են, մենք շարունակելու ենք համագործակցությունը:

- Հնարավոր է, որ Ուկրաինայի հրաժարվելուց հետո Արևելյան գործընկերության շեշտադրումը Եվրամիության կողմից ավելի թուլանա, և որի մեջ է հենց Հայաստանը: Այսինքն` Եվրամիության հայացքը թեքվի դեպի

- Այդ հարցը պետք է ուղղել Եվրամիությանը, իսկ ինչ-որ վերաբերում է Հայաստանին, ապա մեր մոտեցման մասին ես ասացի:

- Վահան Հովհաննիսյանի ագրեմանի մասով, քննարկումներ կան, ինչ կասեք։

- Ագրեմանը խնդրվել է, չի խնդրվել, ինչպես է ընթանում գործընթացը՝ ըստ ընդունված կարգի այդ հարցերը հրապարակային քննարկման ենթակա չեն։ Երբ որ դեսպանի նշանակման հետ կապված գործընթացները ավարտվում են, ընդունվում է որոշում, որի վերաբերյալ համապատասխան հաղորդագրություն է հրապարակվում: Ես դա ասում եմ ոչ թե որևէ կոնկրետ նշանակման վերաբերյալ, այլ ընդհանրապես ընդունված կարգը դա է։

 

 

Է. Նալբանդյանի պատասխանը լրագրողներին. Կտեսնեք հաղորդագրությունը և կիմանաք