ԱԳՆ-ում մարվեց ԵԽ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշը
25/11/2013 19:43

ԱԳՆ-ում մարվեց ԵԽ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշը

Այսօր արտաքին գործերի նախարարությունում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ու Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը մարեցին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությանը նվիրված փոստային նամականիշը։ Նամականիշի մարման արարողությունը ներկա էին Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, «Հայփոստ‰ ընկերության ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ի լրատվական ծառայությունից:

Միջոցառմանը, հանդես գալով ողջույնի խոսքով, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ասաց.

«Վերջին վեց ամիսներին Հայաստանը ղեկավարում էր Եվրոպայի ամենահին և ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկը՝ Եվրոպայի խորհուրդը: Հայաստանը ակտիվ և արդյունավետ կատարեց նախագահողի առաքելությունը: Անցած վեց ամիսների ընթացքում մենք կարևոր ներդրում ունեցանք Եվրոպայի խորհրդի նպատակների իրականացման գործում:

Հոկտեմբերի 2-ին Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այց կատարեց Եվրոպայի խորհուրդ: Հայաստան այցելեցին Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Տեղական շրջանային իշխանությունների կոնգրեսի, Եվրոպական դատարանի և Վենետիկի հանձնաժողովի նախագահները, Մարդու իրավունքների հանձնակատարը:

Հայաստանի նախագահության ծրագրում ընդգրկվեցին երեք տասնյակից ավելի միջոցառումներ, որոնք կառուցված էին նախագահության հիմնական առաջնայնությունների շուրջ:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը խորհրդանշող փոստային նամականիշի մարման արարողությունն ամփոփում է նախատեսված միջոցառումների շարքը՝ Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նախագահությունը դարձնելով մնայուն խորհրդանիշ: Philatelia-ն, ինչպես գիտեք, ծագում է հունարեն philos - «ընկեր, բարեկամ‰ և ateleia «անկեղծ, ազատ‰» արմատներից: Ես կցանկանայի, որ Հայաստանի նախագահության խորհրդանշանով դրոշմանիշերը շարունակեին տարածել Եվրոպայի խորհրդի կողմից պաշտպանվող համամարդկային արժեքներն ու սկզբունքները, որոնց նպատակը մարդու ազատությունն է, մարդկանց հավասարությունը, փոխըմբռնումը, երկխոսությունն ու բարեկամությունը»:‰
 

ԱԳՆ-ում մարվեց ԵԽ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշը