«Վիլնյուս կամ հրաժարական». Պ. Հայրիկյանի ցույցը կտևի 3 օր
26/11/2013 13:15

«Վիլնյուս կամ հրաժարական». Պ. Հայրիկյանի ցույցը կտևի 3 օր

Այսօրվանից սկսած` ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նախագահական նստավայրի դիմաց սկսում է «Վիլնյուս կամ հրաժարական» պահանջով ցույց: Նախնական ծրագրով՝ ցույցը կտևի երեք օր: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ինքը` Հայրիկյանը: 

«Եթե Սերժ Սարգսյանն անձամբ չգնա Վիլնյուս և չստորագրի տարիներ շարունակ մշակվող Ասոցացման համաձայնագիրը, մեզ բոլորիս, այդ թվում և իրեն, կկանգնեցնի անհեթեթ իրավիճակի առաջ: Նախագահը խոսում էր «և-և» քաղաքականության մասին, հետևաբար Հայաստանը պարտավոր է  մեկնել Վիլնյուս»,- ասաց Պ. Հայրիկյանը և ավելացրեց, որ Մաքսային միությանն անդամակցելով` Հայաստանն ապագա չի ունենա:

Խոսելով իր նախաձեռնած հանրահավաքի մասին` Պ. Հայրիկյանը նշեց, որ այն մարդկանց հնարավորություն կտա արտահայտել իրենց դիրքորոշումը: Շարունակելով խոսքը` նա ասաց, որ  ժողովրդի 70 տոկոսը դեմ է կամ կողմնորոշված չէ ՄՄ-ին անդամակցելու առումով, և իր նախաձեռնած հանրահավաքը թույլ կտա նրանց իրենց կարծիքն արտահայտել: 

Լրագրողի դիտարկմանը, թե ՄՄ-ն անվտանգության ապահովման խնդիր կարող է լուծել, Պ. Հայրիկյանը պատասխանեց, որ ցանկացած ապաշնորհ արարք ունենում է բացատրություն. «Ձեզնից որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ մենք ունենք պորտաբույծ ռուսական բազա, ձրիակերներ, երբևէ նրանց կողմից լսե՞լ եք հայտարարություն, որ Հայաստանի վրա կրակոցները նշանակում են՝ երկրի անվտանգությունը սպառնալիքի տակ է, որ այդ կրակոցներն ուղղված են նաև հենց իրենց դեմ»,- ասաց նա:

Մաքսային միությունը, Հայրիկյանի կարծիքով, հակասում է ՀՀ Սահմանադրությանը, դրա համար էլ դրան անդամակցելու հարցով հանրաքվեի անհրաժեշտություն չկա:

«Վիլնյուս կամ հրաժարական». Պ. Հայրիկյանի ցույցը կտևի 3 օր