.jpg)
Ս. Սաֆարյան. Հայաստանից հետո Ուկրաինային ստիպեցին հրաժարվել եվրաինտեգրումից
Հայաստանից հետո Ուկրաինային ստիպեցին, որ հրաժարվի եվրաինտեգրման գործընթացից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
«Եվ հարցն արդեն դուրս է եկել ուղղակի Հայաստան-Եվրամիություն կամ Ուկրաինա-Եվրամիություն հարաբերությունների հարթությունից ու տեղափոխվել է Եվրամիություն-Ռուսաստան հարթություն»,- ասաց Ստյոպա Սաֆարյանն ու ավելացրեց, որ Եվրոպան ինքն էլ պատկերացում չունի, թե ինչ կլինի:
Մյուս կողմից, «Ժառանգության» քարտուղարի կարծիքով, արտաքին դերակատարները զգալի ազդեցություն են ունենալու երկրի ներքին կյանքի վրա.
«Ուզենք, թե` ոչ, Հայաստանի և մյուս երկների քաղաքական դաշտում գնալու է կողմնորոշման խնդիր և արտաքին դերակատարները մեծ ազդեցություն են ունենալու երկրի ներքին դինամիկայի վրա: Քաղաքական դաշտն առհասարակ, հայտնվելու է լուրջ ջրբաժանի առաջ»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ օրերս Ուկրաինայի իշխանությունները հայտարարել էին, որ դադարեցնում են Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները: Մյուս կողմից, այս երկրի իշխանությունները նշում են, որ դեռևս չեն պատրաստվում անդամակցել նաև Մաքսային Միությանը: