.jpg)
Աշոտ Մանուչարյան.Պետք է լավ հարաբերություններ պահպանել ԵՄ-ի և ՌԴ-ի հետ
Արևմտյան քաղաքակրթությունն այսօր մահանում է, սակայն դեռ չի ստեղծվել նոր համակարգ, որը այն կփոխարինի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումներին` նման տեսակետ հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Նա նշեց, որ Արևմուտքի համար կարևոր է, որպեսզի կարողանան հետ պտտել Հայաստանի` Մաքսային միության անդամակցության հետ կապված ընտրությունը:
«Մենք ունենք համադրման հսկայական պոտենցիալ: Մենք չենք կարող բարեկամական հարաբերությունների մեջ լինել մի համակարգի հետ և թշնամական՝ մեկ այլ համակարգի»,- ասաց Ա. Մանուչարյանը:
Նրա խոսքով` Հայաստանը պետք է բարիդրացիական հարաբերություններ պահպանի բոլոր կենտրոնների հետ:
«Հայաստանը պետք է լավ հարաբերություններ պահպանի թե' ԵՄ-ի, թե' Ռուսաստանի հետ: Մենք պետք է պահպանենք մեր ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- ասաց Ա. Մանուչարյանը:
«Ռուսաստանը ցանկանում է վերականգնել աշխարհաքաղաքական ազդեցությունը հետխորհրդային տարածքում: Այսօր Ռուսաստանը փորձում է իր վերահսկողությունը հաստատել Ադրբեջանի նկատմամբ, որը այժմ գտնվում է անգլո-սաքսոնական և իսրայելական ազդեցության տակ»,- նշեց բանախոսը:
Ա. Մանուչարյանը, անդրադառնալով Գյումրին Ալեքսանդրապոլ վերանվանելու վերաբերյալ լուրերին, նշեց, որ այդպիսի էկզոտիկ բան տեղի չի ունենա: