.jpg)
Ս. Օհանյան. ՀՀ-ում ռուսական ռազմաբազայում նոր ստորաբաժանում է ավելանալու
Ռուսաստանի Դաշնության հետ ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ վերջին համաձայնագիրը ունի զարգացման նպատակ ու այդպես էլ կոչվում է՝ Զարգացման համաձայնագիր: Այս մասին այսօր առաջնագծում տված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց ՊՆ Սեյրան Օհանյանը՝ մանրամասնելով. «Ռազմատեխնիկական համագործակցության այս համաձայնագիրը ուղղված է հատկապես տեղական ռազմական արդյունաբերությունը խթանելուն: Ռուսաստանի հետ քննարկվող այս նոր համաձայնագիրը թույլ կտա մեր տեղական արտադրողներին կապ հաստատել ՌԴ նմանատիպ արտադրողների հետ»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին՝ ինչպես է Հյաաստանի և Ադրբեջանի միջև պահվում ռազմական բալանսը, եթե Ռուսաստանը դարձյալ զինատեսակներ՝ այս անգամ ուղղաթիռներ է վաճառել Ադրբեջանին:
«Մենք իրականացնում ենք համապատասխան միջոցառումներ բալանսը պահելու համար և դրա արդյունքը դուք շատ շուտով կտեսնեք»,-ասաց նախարարը:
Լրագրողների խնդրանքով Սեյրան Օհանյանը անդրադարձավ նաև վերջերս մեծ աղմուկ բարձրացրած «Էրեբունի» օդանավակայանի որոշ տարածքներ ռուսական ռազմաբազային տրամադրելու հարցին՝ նշելով, որ տարածքները տրամադրում են, քանի որ ռազմաբազայում համալրում է սպասվում. «ՌԴ 102-րդ ռազմաբազան իրականացնում է 2010 թվականի օգոստոսին իմ և ՌԴ պաշտպանության նախարարի միջև ստորագրված համաձայնագրի նպատակները և այդ նպատակները ՀՀ անվտանգությունը ապահովելու ոլորտում են: 102-րդ ռազմաբազան վերջին տարիներին մի քանի անգամ ձևափոխվել է և այսօր ռազմաբազայում ավելանալու է օդուժի նոր ստորաբաժանում, որի համար էլ տրամադրվելու են այդ տարածքները: Ինչ վերաբորւմ է «Էրեբունի» օդանավակայանին առհասարակ, պիտի ասեմ, որ այն ՀՀ սեփականությունն է և որևէ մեկին տրամադրվել չի կարող»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Վերջիվերջո, Ադրբեջանի հնարավոր ոտնձգության դեպքում ՀԱՊԿ ու 102-րդ ռազմաբազան մասնավորապես, կմիջամտե՞ն մարտական գործողություններին, հետաքրքրվեցին լրագրողները:
«Կարծում եմ, որ ՀՀ զինված ուժերը Արցախի բնակչության անվտանգության լիարժեք երաշխավորն են: ՀՀ և Արցախի զինված ուժերը ի վիճակի են ոչ միայն դիմագրավել թշնամու սադրանքներին, այլև՝ անգամ նախահարձակ լինել: Ինչ վերաբորում է 102-րդ բազային, կարծում եմ, որ այն մեզ հետ միասին կապահովի ՀՀ և Արցախի անվտանգությունը»,-պատասխանեց Սեյրան Օհանյան:
Նախորդող հրապարակում՝ Սեյրան Օհանյան. Մեր հարևանները մտահոգվում են` պե՞տք է սադրանքների դիմել