Զաքարյանը՝ Վիլնյուսում. ԵՄ հետ համագործակցության համար այլ ձևաչափ կփնտրենք
28/11/2013 18:29

Զաքարյանը՝ Վիլնյուսում. ԵՄ հետ համագործակցության համար այլ ձևաչափ կփնտրենք

Հայաստանը նպատակ ունի շարունակել իր համակողմանի, փոխշահավետ համագործակցությունը Եվրոպական միության հետ: Նման հայտարարություն է արել ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը Վիլնյուսում ընթացող ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հանդիպման ընթացքում:

«Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետության կարևոր գործընկերներից մեկն է: Մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության բնագավառներում իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումները Հայաստան-ԵՄ համագործակցության առանցքն են կազմում: 

Հայաստանի Հանրապետությունը, հայտարարելով իր` Մաքսային միությանը միանալու որոշման մասին, հավատարիմ է մնում իր ցանկությանը` խթանել բոլոր հնարավոր ուղղություններով Եվրոպական միության հետ համագործակցությանը` հիմնվելով այն բոլոր ձեռքբերումների վրա, որոնց հասել ենք համատեղ վերջին տարիների ընթացքում Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում»,-ասել է Զաքարյանը՝ հավելելով, որ հայաստանյան իշխանությունների կողմից ընդունված որոշումը մի գործընթաց է, որն ուղղված է երկրի տնտեսական զարգացման, էներգետիկ և ռազմավարական անվտանգության ապահովման հեռանկարին:

«Մենք կանենք հնարավոր ամեն ինչ` փնտրելու ճիշտ ուղիներ և ընդունելի ձևաչափեր հետագա երկկողմանի և բազմակողմանի համագործակցության համար, ինչպես նաև ստեղծելու փոխադարձ համաձայնության մթնոլորտ` վարելու բազմավեկտոր քաղաքականություն»,-ասել է նա:


 

Զաքարյանը՝ Վիլնյուսում. ԵՄ հետ համագործակցության համար այլ ձևաչափ կփնտրենք