.jpg)
Վլադիմիր Պուտինը Հայաստանում է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց Գյումրու օդանավակայանում: ՌԴ նախագահին դիմավորեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ նախագահներ Սարգսյանն ու Պուտինը Գյումրի քաղաքում և մայրաքաղաք Երևանում կմասնակցեն մի շարք միջոցառումների, այդ թվում՝ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին, կայցելեն Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Երևանում՝ նախագահական նստավայրում, կկայանան երկկողմ բանակցություններ: Կողմերը կքննարկեն Նախագահ Սերժ Սարգսյանի՝ ս.թ. սեպտեմբերի 3-ին ՌԴ կատարած այցի ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, մտքեր կփոխանակեն նաև Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների և հետագա քայլերի շուրջ: Կստորագրվեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու համագործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր:
ՌԴ Նախագահի հայաստանյան այցի արդյունքները կամփոփվեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ: