.jpg)
Է. Շարմազանով. Հասարակ քաղաքացին մաշկի վրա կզգա Պուտինի այցի արդյունքները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցն աննախադեպ էր իր արդյունքներով, և բոլոր այն սկեպտիկները, ովքեր կասկածանքով էին մոտենում, որ այդ այցով շոշափելի լուրջ առաջընթաց կնկատվի նաև Հայաստանի հասարակ քաղաքացու կյանքում, սխալվեցին:
Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում, ամփոփելով Պուտինի այցը Հայաստան, նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ես կարող եմ ընդամենն ասել, որ Հայաստանի հասարակ քաղաքացին իր մաշկի վրա կզգա այդ այցի դրական արդյունքները»,- հավաստիացրեց Շարմազանովը:
Պատգամավորն առաջնահերթ անդրադարձավ Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական համագործակցությանը. «Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ անվտանգության խնդիրը գլխավորն է, և առանց անվտանգության ու խաղաղության երաշխիքի, դժվար թե կարողանանք խոսել սոցիալական, տնտեսական բարեփոխումներից, ժողովրդական զարգացումներից, և մեր դաշնակից երկրի նախագահի այցը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստան-Ռուսաստան ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական դաշնակցային հարաբերությունները պետք է շարունակվեն, դա հավելյալ երաշխիք է անվտանգության համար»:
Անդրադառնալով գազի սակագնին՝ Է. Շարմազանովը նկատեց, որ եթե այսօր 270 դոլար է, ապա փոխվում է 189 դոլար, և «ես կարծում եմ, որ դա շոշափելի դրական տեղաշարժ է մեր հասարակ քաղաքացու կանքում: Մեր տնտեսվարողները կարող են նավթամթերքը գնել առանց երեսուն տոկոս մաքսատուրքի, ինչը ևս առաջընթաց է»:
Անդրադառնալով Պուտինի հայտարարությանը, թե իրենք չեն հեռանալու Կովկասից, ավելին՝ ամրապնդվելու են այստեղ, պատգամավորը դա բանական համարեց՝ պարզաբանելով, թե յուրաքանչյուր մեծ երկիր ունի իր աշխարհաքաղաքական շահերը, ավելին դա դրական հայտարարություն է Հայաստանի համար:
«Ես ցավում եմ, որ լուսանցքում հայտնված որոշ քաղաքական գործիչներ Պուտինի այդ հայտարարությունը փորձում են այլ կերպ մեկնաբանել: Երբ ՌԴ նախագահն ասում է, որ չեն գնալու Հարավային Կովկասից, դա նշանակում է, որ ռուսական ռազմաբազան մնալու է Հայաստանում, որ Հայաստանը ՌԴ-ի ներքին գներով իրավունք ունի ռազմատեխնիկա գնել հենց Ռուսաստանից»,- ասաց նա: