.jpg)
«Մինչև ՄՄ-ին միանալը Ռուսաստանը զրոյացրեց արտահանման մաքսատուրքերը»
«Երեկ ստորագրված փաստաթղթերով ՌԴ-ն կատարեց շատ կարևոր գործընկերային մի քայլ, այսինքն՝ մինչև Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելն անգամ իր կողմից արտահանվող հիմնական ապրանքատեսակների համար, հումքի ապրանքատեսակների համար, որոնք մեր տնտեսության համար կարևոր են, արդեն զրոյացրեց արտահանման տուրքերը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Մաքսատուրքերի զրոյացումը, Վ. Սարգսյանի խոսքով, պետք է տեղի ունենար Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո, և Ռուսաստանը Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների մակարդակում կատարեց այդ քայլը մինչև Հայաստանի անդամակցությունը:
«Իրականում, երեկվա բանակցությունների, հանդիպումների և այցի արդյունքը տնտեսական առումով շատ մեծ նշանակություն ունի առհասարակ: Դուք գիտեք, որ ՀՀ սեպտեմբերի 3-ին հայտարարեց Մաքսային միությանը անդամակցելու իր որոշման մասին և այդ օրվանից մեծ նախապատրաստական աշխատանք է իրականացվում, և դուք հիշում եք, որ որպես այդ որոշման հիմնական խթանիչներ նաև նշվում էր Հայաստան ներկրվող հումքային ապրանքների վրա արտահանման սակագնի զրոյացումը, որի արդյունքում Հայաստանում սպառողը և նաև տնտեսությունը կկարողանան ունենալ շատ ավելի մատչելի վառելիք, գազ, ադամանդի հումք, որից կարելի է հետո ոսկերչական ոլորտի զարգացման համար մեծ առավելություններ ստանալ»,-մանրամասնել է նա: